«Եթե մի լույսի նայելով առաջ չգնանք, էլ ինչի համար է կյանքը»․ ամփոփվեց «Արցախի ուժեղ կանայք» ծրագիրը Ռանչպար գյուղում

3 Min Read

Արարատի մարզի սահմանամերձ Ռանչպար գյուղում բնակվում է բռնի տեղահանված 267 արցախցի, որից 98-ը կանայք են։ Մանկավարժներ, բուժաշխատողներ, այգեգործներ․․․ Ամենատարբեր մասնագիտություններ, զբաղվածություն, ճակատագրեր ունեցող կանայք, որոնց միավորել է հայրենիքի կորստի ցավը, բայց և ապրելու, արարելու շարունակական ձգտումը։

«Կանանց ռեսուրսային կենտրոն»ՀԿ-ն Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ 2024 թվականի փետրվարի 1-ից «Սօսի մտքերի այգի» ՀԿ միջոցով Ռանչպարում իրականացրել է «Արցախի ուժեղ կանայք» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել բռնի տեղահանված կանանց և աղջիկների անխոչընդոտ սոցիալական ներառմանը, իրազեկվածության բարձրացմանը տնտեսական հզորացման թիրախային գործողությունների միջոցով։

Այս ամիսների ընթացքում բռնի տեղահանված կանայք ծրագրի շրջանակում ստացել են սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկվել են իրենց իրավունքների ու արտոնությունների մասին, հանդիպումներ են կազմակերպվել պետական մի շարք կառույցների, ՀԿ ներկայացուցիչների հետ, ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը, դիմելու կարգը:

Եռամսյա ծրագիրն ամփոփվեց հետաքրքիր ձևաչափով. արցախցի կանայք հանդիպեցին «Մախմուր» ձեռագործ պայուսակների բրենդի հիմնադիր, երգչուհի Արփի Շահնուրբարյանի հետ։

«Եթե մենք չերազենք, չձգտենք, եթե մի լույսի նայելով առաջ չգնանք, ուրեմն էլ ինչի համար է կյանքը։ Չլինելը միշտ կա ու կա, եթե մենք կանք, պետք  է շարունակենք արարել»։

Այս գոտեպնդող խոսքերով սկսվեց գործարարի և Ռանչպար գյուղում բնակություն հաստատած արցախցի կանանց հանդիպումը։

Արփին ներկայացրեց` ինչպես է սկսել իր բիզնեսը, ինչ բարդությունների առջև է կանգնել և թե ինչպես է կարողանում շարունակել ստեղծագործել ու նպատակներ իրագործել՝ չնայած այս բարդ ժամանակներին։

«Սկսել եմ ընդամենը մեկ թաշկինակից, այն էլ քովիդի ժամանակ, հետո սկսվեց պատերազմը, թվում էր՝ պետք  է հիասթափվեի, կոտրվեի, բայց, ո՛չ, ավելի բուռն սկսեցի աշխատել։ Հասկանում եմ՝ դուք ինչի միջով եք անցել, դա ամենասարսափելին էր, որ կարող էր մարդու հետ պատահել։ Բայց նաև հավատում եմ այն լուսավոր ապագային, որ մեզ կարող է սպասել, միակ ելքը իրար թիկունքի կանգնելով առաջ գնալն է»,- նշեց նա։

«Երազ իմ երկիր հայրենի», «Մախմուր աղջիկ», «Բրոյի»․․․ Երգչուհու հետ երգեցին, ջերմացան և մոտիվացվեցին ներկաները։

«Արցախի ուժեղ կանայք» ծրագրի շահառուներից Անինկա Ավանեսյանը, ով բռնի տեղահանվել է Ստեփանակերտից, այժմ Նորամարգի դպրոցում աշխատում է որպես ուսուցչի օգնական։ Նա նշում է, որ հաճախ հուսալքման պահեր են լինում, բայց այս բոլոր հանդիպումներն ազատում են հուսահատության ճիրաններից,  կանգնեցնում ուղիղ ճանապարհին, ինչպես նաև օգնում են, որ վերադարձի հույսը դեպի հայրենի Արցախ չմարի։

Թեև «Արցախի ուժեղ կանայք» ծրագիրը ապրիլի 30-ին ավարտվեց, բայց սահմանամերձ Ռանչպար գյուղում այն վերջինը չի լինի։ «Սօսի մտքերի այգի» ՀԿ գործադիր տնօրեն Ալվարդ Կարապետյանի խոսքով՝

արցախցի կանայք ներգրավվել են մասնագիտական վերապատրաստումների և ձեռնարկատիրական գործունեություն սկսելու աջակցության ծրագրերում։ Մասնավորապես, շուտով 11 շահառու կմասնակցի մատնահարդարման, վարսահարդարման, դիմահարդարման, հրուշակագործության, կար ու ձևի, հաշվապահական հաշվառման, հաշվապահության և SMM-ի դասընթացների։ Ծրագրի ևս 10 շահառուի աջակցություն կտրամադրվի ձեռնարկատիրական գործ սկսելու համար։

Share This Article