ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում:
Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում