Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է:
Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Հետաքրքրվեցինք, թե այդ ուղղությամբ արդեն ընթանո՞ւմ են քննարկումներ և ի՞նչ շրջանակ են դրանք ներառում:
Հարցի վերաբերյալ Հակոբ Վարդանյանը նշել է. «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»:
2022 թվականին Դուբայում «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի տարածքում ռուսական նախագծով միջուկային նոր էներգաբլոկների կառուցման շուրջ հնարավոր համագործակցությունը ուսումնասիրելու նպատակով։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին համաձայնագիր: Հայաստանը մտադի՞ր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և արդյոք դա չի խանգարի՞ ամերիկացիների հետ փոխգործակցությանը:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայումս ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով: Որևէ պետության հետ համագործակցությունը չի դիտարկվում և չի կարող դիտարկվել ի վնաս մեկ այլ պետության»,- նշել է փոխնախարարը:
Հայաստանի կառավարությունը հայտարարել է նոր ԱԷԿ կառուցելու մտադրության մասին: Ո՞ր փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ի՞նչ տիպի և հզորության պետք է լինի նոր ատոմակայանը:
«Ներկայումս իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալ, թե Հայաստանի պարագայում որ տեխնոլոգիան և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- հայտնել է Հակոբ Վարդանյանը:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում