ՀՀ առևտրային բանկերը շարունակում են իրենց տեղը զբաղեցնել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Ավելին, 1 տարի ընդմիջումից հետո ցուցակի մեջ կրկին ներառվել է Արցախբանկը։ Չնայած բանկային համակարգում և ընդհանուր առմամբ երկրում տեղի ունեցող զարգացումներին՝ բանկերը շարունակում են պահպանել իրենց կայունությունը։ Դրա մասին են վկայում բանկերի կողմից վճարված հարկերի ծավալները։
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Այսպես, ՀՀ-ում գործունեություն ծավալող դեռևս թվով 17 բանկերը միասին 2024թ. առաջին եռամսյակում վճարել են պետբյուջե ֏23,5 մլրդ: Վերջինս 2023թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 9,7%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 15,8%-ով:
Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2024թ. առաջին եռամսյակում 2023թ-ի առաջին եռամսյակի համեմատ դիրքային լուրջ հաջողություն է արձանագրել Մելլաթ բանկը՝ 779-րդ հորիզոնականից տեղափոխվելով 486-րդ հորիզոնական։ Դիրքային էական կորուստներ է արձանագրել Հայէկոնոմբանկը։ Վերջինս 2023թ. առաջին եռամսյակում արձանագրած 27-րդ դիրքից տեղափոխվել է 2024թ-ի առաջին եռամսյակում հաստատված 56-րդ հորիզոնականը։ Փորձությունների շրջան անցնող Ամերիաբանկը հայտնվել է 14–րդ, Արդշինբանկը՝ 22-րդ, և Էյչ-Էս-Բի-ՍԻ բանկը՝ 109-րդ հորիզոնականները։
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Ակբա բանկը վճարած հարկերի ծավալով 17 բանկերի մեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակբա բանկը 2024թ. առաջին եռամսյակում վճարել է ֏ 3,19 մլրդ-ի հարկեր։ Վերջինս 2023թ. առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 55%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ աճել է 35%-ով։
Ամերիաբանկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 2024թ. առաջին եռամսյակում պետբուջե վճարելով ֏ 3,16 մլրդ։ Ամերիաբանկի վճարած հարկերի ծավալները 2023թ. առաջին եռամսյակի համեմատ աճել են 60%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 9%-ով։
2024թ. առաջին եռամսյակում մոտ ֏2,4 մլրդ վճարած հարկերով երրորդ հորիզոնականում է հայտնվել Արդշինբանկը։ Բանկի վճարած հարկերի ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 56%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ նվազել 33%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում