Աշխարհում ամենամեծ զբոսանավը Icon of the Seas-ն է, որն առաջին անգամ օվկիանոս դուրս եկավ այս տարվա հունվարի 27-ին։
Նավի երկարությունը ռեկորդային է՝ 365 մ։ Համեմատության համար նշենք, որ լեգենդար «Տիտանիկը» գրեթե 100 մետրով ավելի կարճ էր (269 մ), իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ ավիակիր Ջերալդ Ֆորդի երկարությունը՝ 333 մետր։
Նավը կարող է տեղավորել մինչև 7600 ուղևորի, ովքեր քնելու, ուտելու և զվարճանալու են 20 տախտակամածների վրա, որտեղ կան ավելի քան 40 ռեստորաններ, սրճարաններ և բարեր։ Կա նաև փոքրիկ այգի՝ արևադարձային բուսականությամբ, թատրոն, կարաոկե, թենիսի և վոլեյբոլի խաղահրապարակներ, երեխաների համար նախատեսված վայրեր և ջրաշխարհ։
Առաջին նավարկման ուղևորներից մեկը լրագրողներին պատմել է, որ օրվա ընթացքում ութ կիլոմետր քայլել է՝ տեսնելու Icon of the Sea-ի տեսարժան վայրերը։
Նավը գրանցված է Բահամյան կղզիներում և կառուցվել է Ֆինլանդիայում՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ:
Տոմսերի գները տատանվում են 1723 դոլարից մինչև 2639 դոլար մեկ անձի համար։ Սուրբ Ծննդյան օրերին նավարկության տոմսի գինը բարձրանում է մինչև 5124 ԱՄՆ դոլար մեկ անձի համար:
Այս լողացող զվարճանքի շարժիչները աշխատում են հեղուկ բնական գազով (LNG): Բնապահպանները քննադատել են վառելիքի այս տեսակը՝ ասելով, որ դրա օգտագործումը հանգեցնում է մթնոլորտ մեթանի արտանետմանը։
Այնուամենայնիվ, նավի սեփականատերերը՝ Royal Caribbean-ը, պնդում են, որ Icon of the Seas-ը 24%-ով ավելի էներգաարդյունավետ է, քան պահանջվում է ծովային տրանսպորտի ժամանակակից կանոնակարգերով: Ընկերությունը նաև նախատեսում է մինչև 2035 թվականը շահագործման հանձնել զրոյական արտանետումների նավ։
Cruise Lines International Association-ի տվյալներով՝ նավարկության արդյունաբերությունը զբոսաշրջության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, որը հիմնականում գրավում է երիտասարդներին: 2021 թվականին զբոսաշրջության այս բիզնես ոլորտը 75 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է ունեցել համաշխարհային տնտեսության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում