Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը կարող է նաև ադրբեջանական գազ ստանալ, հատկապես՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Իսկ մերձեցման, ենթակառուցվածքների տեսանկյունից, բնականաբար, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցության գծերի պոտենցիալ երթուղի․ «Դա կարող է նույնիսկ գազատար լինել»,- մանրամասնել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը ասել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություն ունի Իրանի հետ Նախիջևանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցումը, որը Թուրքիայից ադրբեջանական գազը կմատակարարի Նախիջևան․ «Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջիդ դիպչելուն։ Եթե այն անցնի Հայաստանի տարածքով, դա բոլորի համար ձեռնտու կլինի և թույլ կտա մեծ գումար խնայել»,- հավելել է Ալիևը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում