Կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցագործության 249 դեպք է արձանագրվել. փոխնախարար

2 Min Read

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է` կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։

Այդ մասին կառավարության նիստում ասել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով մի շարք օրենքներում ու որոշումներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։

Նրա խոսքով՝ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում են հետագծելիությունը հասկանալ, թե որտեղ է ձեռք բերվել, ով է ձեռք բերվել, նկատում են՝ դա կատարվել է կանխիկ շրջանառությամբ.

«Երկրում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ առաջարկվում է նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումն ու վաճառքը, դրա դիմաց վճարումն ու վճարի ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ։


Կրիպտոակտիվների գնումն ու վաճառքը հնարավոր կլինի միայն անկանխիկ եղանակով՝ անկախ չափից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Փոխնախարարն ասել է, որ ոստիկանության տեսադաշտում են գտնվում 100-ից ավելի Telegram ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև ավանդական այլ հանցագոևծություններով, որոնք կարող են կրիպտոակտիվի գործունեությամբ իրականացվել։ Օրինակ` թմրանյութերի ապօրինի շրջանառություն, փողերի լվացում, հարկեր-տուրքեր վճարելուց խուսափում և այլն։

«Խոսքը վերաբերում է թմրամիջոցների ապօրին շրջանառությանը, փողերի լվացման որոշակի դեպքեր ենք արձանագրում, հարկեր-տուրքեր վճարելուց խուսափելու դեպքեր ևս կան, երբ կա գրանցված անհատ ձեռնարկատեր, որն ունի x թվով աշխատակիցներ, բայց y տիրույթում կարող է կրիպտոակտիվով աշխատավարձ վճարել ու դուրս մնալ հարկային մարմինների տեսադաշտից»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ կրիպտոակտիվների օգտագործմամբ 249 հանցագործության դեպք է արձանագրվել 2023թ. ընթացքում։

«Անկանխիկ շրջանառությունը կօգնի կանխատեսելիություն ապահովել հանցագործությունների բացահայտման առումով»,- վստահեցրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ այս հարցում ՀՀ կառավարությունն ուշանում է ու պետք է ի վրճակի լինեն որոշումներ կայացնել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով