«Գազպրոմը» վերջնականապես դադարեցրել է գազ մատակարարել Ֆրանսիային

1 Min Read

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Engie-ին (Ֆրանսիա) ՝ հուլիսյան մատակարարումների դիմաց ամբողջությամբ չվճարելու պատճառով։

«Գազպրոմի» հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն գործող պայմանագրերով հուլիսին Engie-ին մատակարարված գազի դիմաց լրիվ վճարումներ չի ստացել։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի «Օտարերկրյա գնորդների կողմից բնական գազի ռուս մատակարարների նկատմամբ պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին» թիվ 172 հրամանագրի՝ օտարերկրյա գնորդին բնական գազի հետագա մատակարարումն արգելվում է, եթե գնորդի կողմից վճարումն ամբողջությամբ չի կատարվել պայմանագրային վճարման ժամկետի սահմանում»,- հիշեցնում է ռուսական կոնցեռնը։

Այս կապակցությամբ «Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Engie-ին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին, մինչև մատակարարվող գազի համար միջոցների ամբողջական փոխանցումը։

Կիսվեք այս հոդվածով