Կրիպտոակտիվների գնումն ու վաճառքը հնարավոր կլինի միայն անկանխիկ եղանակով՝ անկախ չափից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն:

Միչդեռ, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: Թեմային առնչվող որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասել է նա:

Ըստ որոշման նախագծի՝ մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոարժույթների դաշտի՝ որոշակի առումով կարգավորմանը: Ըստ նախարարի՝ կարգավորումը «որոշակի» է, քանի որ այս պահի դրությամբ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար:

«Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք ակտիվների շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ՝ ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ:

Վարչապետն էլ ասել է, որ այս տարի պետք է հարցը լուծել: Պետք է գործընթացն սկսել և ընթացքում լավարկման արդյունքում առաջ գնալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով