Կառավարության նիստում որոշվեց փոփոխություն կատարել որոշումներից մեկում, որով ամրագրվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում չեն զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:
Որոշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի գործողության ժամկետը ծրագրի հաստատումից հետո 6 ամիս է, սակայն նպատակահարմար է ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նոր ուսումնական տարում հնարավորություն տալով ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:
Ներկայում սույն ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:
Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները չունեն հիմնական բնակության վայր, և, իրավիճակով պայմանավորված, կարող են բնակության վայր փոխել, ուստի անհրաժեշտ է բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերում պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ծրագրի շահառուին չզրկել ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:
Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում