ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է Պաշտպանի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հունվարի 24-ին շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերաշարադրել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավելացնելով փաստաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկ չվճարող սուբյեկտների շարքում։
Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից փաստաբանական ծառայություններ մատուցող տնտեսվարողները 5 տոկոսի փոխարեն վճարելու են 10 տոկոս հարկ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից շուրջ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ, որը հաշվարկվելու է հարկվող շահույթի՝ հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունից։
Նախագծի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով Պաշտպանին է դիմել Փաստաբանների պալատի նախագահը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերոնշյալ նախագծի առնչությամբ ներկայացրել է դիրքորոշում:
Այսպիսով՝
Պաշտպանը գտնում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ավելին, չի ներկայացվել նոր կարգավորման` մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում։
Պաշտպանը կարևորում է ժողովրդավարական հասարակությունում փաստաբաններին վերապահված հիմնարար դերակատարությունը, ինչպես նաև փաստաբանների կողմից փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության սկզբունքը, փաստաբանի էթիկայի սկզբունքները և փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։
Պաշտպանը, հաշվի առնելով փաստաբանական գործունեության առանձնահատկությունները, կարևորում է, որ ոլորտին վերաբերող ցանկացած փոփոխություն դիտարկվի ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ հանրության իրավունքների պատշաճ իրացման և դրանց պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում։
Պաշտպանը կարևորում է Նախագծի նպատակների և հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպումը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Նախագծի դրույթները քննարկումների և մտահոգությունների առիթ են ստեղծել։
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ նախագծային կարգավորումները պետք է պատշաճ կերպով քննարկման առարկա դարձվեն բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում՝ փաստաբանական համայնքի հետ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է նաև, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել Նախագծի բովանդակության, դրանով առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև նախագծի վերաբերյալ նախատեսվող քննարկումներին մասնակցության հնարավորության մասին՝ նկատի ունենալով հանրային գործերի վարմանը մասնակցելու նրանց իրավունքը, այդ թվում՝ հանրային բանավեճի վրա ազդեցություն ունենալու միջոցով:
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան՝ հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում, չի ներկայացվել նոր կարգավորման՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ անհրաժեշտ քննարկումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում