Հայոց Ցաղասպանության հարցում Օսմանիան Թուրքիայի շարժառիթներից մեկը տնտեսական գործոնն է եղել։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
«Թուրքերը տեսնում էին, որ հայերը բավականին մեծ տնտեսական հնարավորությունների էին տիրապետում։ Աշխատասիրության, կուտակելու կարողության, սերնդեսերունդ ունեցածը փոխանցելու շնորհիվ հայերը կարողացել էին կապիտալ ունենալ, ու դա ներդնել տնտեսության նոր զարգացող ճյուղերի մեջ, օրինակ՝ միջազգային առևտրի մեջ, ակտիվ առևտրական ցանցեր էին հիմնում։ Հայերի իրար հանդեպ վստահությունը թույլ տվեց Արևմտյան Հայաստանի գրեթե ամբողջ տնտեսությունը կենտրոնացնել իրենց ձեռքում և նաև բարձր դիրքերի հասնել համաօսմանյան առևտրի մեջ։ Պոլսի հայկական մեծահարուստները հսկայական կապիտալների էին տիրապետում և միջազգային առևտրի կարևոր դեմքերից էին։ Բացի առևտրից ներգրավված էին արհեստների մեջ։ Օսմանյան կայսրությունում մի զեկույց կա, որտեղ նշվում էր, որ հայերի ձեռքում են գտնվում օսմանյան ամբողջ արհեստների 29,3 %-ը, այսինքն՝ արհեստավորների 1/3-ը հայեր էին։ Նրանց մեջ կային ոսկերիչներ, վառոդագործներ և այլն»,- նշում է ցեղասպանագետը։
Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ բանկային համակարգի առաջին հիմնադիրները ևս հայեր էին. Օսմանյան բանկի հիմնադիրների մեջ 3 հայի անուն-ազգանուն ենք մենք տեսնում։
«Իսլամի մեջ կա արգելք տոկոսով գումար տալու վերաբերյալ, մուսուլմանը չի կարող մյուս մուսուլմանին տալ գումար տոկոսով, իսկ հայերի դեպքում այդ արգելքը չէր գործում, իրենք տալիս էին տոկոսով գումար մուսուլմաններին։ Հայերը, հրեաներն ու հույները ամբողջ բանկային համակարգը կարողացան կուտակել իրենց ձեռքերի մեջ և ունենալով նախնական կապիտալ` նաև այլ բիզնեսներ էին զարգացնում, օրինակ՝ հյուրանոցային ցանցեր․ Պոլսի հայտնի Բեռա թաղամասում Թոքարթլյան անունով հյուրանոց կա, դա ամենաբարձրակարգ հյուրանոցն էր Օսմանյան կայսրությունում, և բոլոր օտարերկրյա դիվանագետները իրենց հուշերում նշում են Թոքարթլյանի մասին։ Բացի այդ՝ ճարտարապետների հայտնի ընտանիք կար՝ Բալյանները, այն սերնդեսերունդ փոխանցվել էր, ու իրենք թուրքական սուլթանական պալատների ստեղծողներն էին։ Այս ամբողջ տնտեսական հնարավորությունները ոչ միայն նախանձի ու թշնամանքի պատճառ էին դառնում, այլ նաև այն խլել ցանկացողների համար շատ գրավիչ բան էին»,- նշում է Մանուկյանը։
Վերջինս բացատրում է․ մարդ սպանելն այդքան էլ հեշտ բան չէ, և Օսմանյան իշխանությունը թուրքերին շահագրգռելու համար օգտագործում էր հայերի ունեցվածքը․
«Երբ սկսվեց Հայոց Ցեղասպանությունը, Օսմանյան իշխանությունները, ի վերջո, խնդիր ունեին մարդկանց ներգրավելու սպանության գործընթացներում։ Մարդ սպանելն այդքան էլ հեշտ բան չէ, և չպետք է մտածել, որ թուրքերի մեջ բնատուր այդ հատկությունը կա։ Իրենք մեր նման սովորական մարդիկ էին, և դրա համար իրենց պետք էր ինչ-որ կերպ ներգրավվել այդ պրոցեսի մեջ։ Շատ դեպքերում ատելությունն էր աշխատում, գաղափարախոսությունն էր աշխատում՝ հայերին իրենց տեղը ցույց տալու պանթուրքական գաղափարախոսությունը, բայց նաև աշխատում էր տնտեսական շահը․ մարդկանց ասում էին՝ սպանիր քո հարևանին և վերցրու նրա տունն ու ունեցվածը, և սա աշխատում էր։ Գյուղերում, երբ տեսնում էին, որ ամենաշքեղ տները հայերինն էին, երբ եղավ հնարավորություն հարձակվելու և վերցնելու, իրենք դա արեցին։ Մենք տեսնում ենք մի հսկայական ունեցվածքի անցում մի խմբից մյուսին, և շատ ցեղասպանագետներ պնդում են, որ տեղի ունեցածը ոչ միայն 1,5 մլն հայերի ցեղասպանություն է, այլ դա սարսափելի մեծ չափերի հասնող տնտեսական հնարավորությունների անցում էր մի համայնքից դեպի մյուս համայնք։ Դա տեղի ունեցավ պետականորեն ծրագրված, ոչ թե տարերային։ Երբ 1915-ի հունիսին հրապարակվեց տեղահանության մասին որոշումը, և հայերին սկսեցին քշել իրենց բնակավայրերից, դրանից հետո կա 2 նոր օրենք՝ այսպես կոչված՝ լքյալ գույքի մասին օրենք։ Ըստ այս օրենքի՝ այն գույքը, որը լքվել է հայերի կողմից այն պատկանում է պետությանը։ Այն ժամանակ Օսմանյան կայսրության կողմից տարածվում էր հետեյալ սուտը (և այսօր տարածվում է թուրքական ժխտողականների կողմից). հայերին տեղահանում էին իրենց տներից և ասում էին, որ դուք վերադառնալու եք, դրա համար ցուցակագրեք ձեր ունեցվածքը, փակեք ձեր տան դռները և հանձնեք տեղական իշխանություններին։ Շատերը հենց էդպես էլ անում էին, բայց հետո տեսնում ենք, որ մի նոր օրենք է ընդունվում, որի անունը «Լքյալ գույք» է։ Դրա հիման վրա ամբողջ հայկական ունեցվածքը վերաբաժանվեց երիտթուրքական կուսակցության առաջնորդների միջև։ Որոշ ժամանակ նույնիսկ աուկցիոններ էին իրականացնում և շատ էժան գներով վաճառում էին հայկական ունեցվածքը»։
Սուրեն Մանուկյանի խոսքով՝ այսօր էլ թուրք շատ հարուստ ընտանիքների ունեցվածքը ստեղծվել է հայերի կապիտալի հիման վրա։
«Այդ ժամանակ ձևավորվում էր թուրքական բուրժուազիա, որն այն ժամանակ պետք է ունեցվածքի տիրապետեր։ Իրենք օգտագործեցին հայկական կապիտալը որպես հիմք իրենց ազգային բուրժուազիայի համար։ Նույնն է մինչև այսօր․ թուրքական ամենահարուստ ընտանիքները իրենց ունեցվածքը ձևավորել են հայերից գողացած ունեցվածքի հիման վրա, և դա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այսօրվա Թուրքիայի տնտեսական հաջողություններն ու թուրքական հսկաները հիմնված են հայկական ունեցվածքի վրա, և դա բնորոշ է շատ ցեղասպանություններին։ Հոլոքոստի ժամանակ նույնը տեղի ունեցավ Գերմանիայում։ Հիտլերը, ում պետք էր կապիտալ, միջոցներ՝ երկիրը վերափոխելու համար, հասկացավ, որ ամենահարմար թիրախը հարուստ փոքրամասնությունն է։ Նույն մոդելը տեսնում ենք Օսմանյան կայսրությունում»։
Մանուկյանն ընդգծում է՝ մինչև հիմա ունեցվածքի հաշվարկներ կան․ գործարաններ, ագարակներ, բազմաթիվ կորուստներ կային, որոնք նույնիսկ արձանագրվեցին Սևրի պայմանագրում։
«Այն առանձին մի կետ ուներ․ հստակ նշում էր, որ պետք է հետ վերադարձվեր հայերի ամբողջ ունեցվածքը և նույնիսկ հանձնաժողովներ ստեղծեցին, ովքեր փորձում էին հաշվել։ Երբ 1919 թվականին հայկական պատվիրակությունը գնում էր Փարիզ, որտեղ տեղի էր ունենում տերությունների համաժողովը և պետք է գրանցվեին Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, Հայաստանից մեկնած պատվիրակությունը` Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, որպես հայկական պահանջ ներկայացրին փոխհատուցման հստակ թիվ՝ 10 մլրդ ֆրանկ, որն այն ժամանակվա համար շատ մեծ թիվ էր, բայց, ցավոք, մենք գիտենք, որ Սևրի պայմանագիրը երբեք չդարձավ իրականություն, մնաց թղթի վրա»։
Մանուկյանը նշում է՝ այս հաշվարկը վաղուց է կատարվել, իսկ հիմա այդ գումարին կավելանա գնաճը, ստացվելիք շահույթը։
Նշենք, որ 2015 թվականին կատարված հաշվարկով Թուրքիայի հասցրած տնտեսական վնասը գնահատվել է շուրջ 100 մլրդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում