Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ

1 Min Read

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, հարգում ենք իրենց կյանքը կորցրած զոհերին և խորհում այն ցավի մասին, որը դեռ շատերն են կրում:

Թրյուդոն նշում է, որ քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը:

«Այս ճանաչումը շատ կանադացիների և հատկապես կանադահայերի համար խորը նշանակություն ունի։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունները երբեք չմոռացվեն:

Կանադայում ապրիլը նշվում է որպես ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, որը հիշեցնում է մեզ անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դեմ կանգնենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները. դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման օր է: Ես քաջալերում եմ բոլոր կանադացիներին իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության կորստի: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից և բռնությունից»,- նշված է հայտարարությունում:

Share This Article