Ցեղասպանության հուշարձաններ, որոնք վկայակոչում են մարդկային դաժանության անսահմանությունը, ստիպում են մտորել, վշտանալ ու վերապրել ողջ ցավը: Banksnews.am-ն անդրադարձել է դրանցից մի քանիսին.
1. Կոմիտասի հուշարձան
Հայոց Ցեղասպանության ամենատպավորիչ հուշարձաններից մեկի հետքերը տանում են դեպի Ֆրանսիա: Մայրաքաղաք Փարիզի ամենաթովիչ այգիներից մեկում՝ Երևան պուրակում, իր ողջ խորհրդավորությամբ կանգնած է Կոմիտաս վարդապետի քանդակը՝ ի մեծարումն հայ երաժշտագետի և ի հիշատակ 1.5 մլն զոհերի: Հուշարձանի տեղադրման աշխատանքները սկսվել են 2001թ-ին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Բրոնզաձույլ հուշարձանի բարձրությունը 6 մետր է: Ցեղասպանության զոհերի հիշատակը վկայակոչող փարիզյան հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է:
2. Հայոց ցեղասպանության հուշարձան
Կիպրոսի Լառնակա քաղաքում 2008թ. մայիսի 28-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Աբստրակտ կոթողը նման է թե՛ խաչի, թե՛ վեր հառնող փյունիկի և թե՛ ձեռքերն առ Աստված պարզած կնոջ: Հուշարձանի քանդակագործը հույն Գեորգիոս Կալակալասն է։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և շրջապատված է նռնենու և նոճու ծառերի շարքով։
3.Հոլոքոստի հուշարձան
Տպավորիչ ու խորհրդավոր քայլուղի, որն անցնում է ապակե 6 աշտարակների միջով: Ամերիկյան Բոստոն քաղաքի ամենաինքնատիպ հուշարձաններից մեկը ստիպում է հուզվել, ցավել ու գիտակցել Հոլոքոստի ողջ ողբերգությունը: Ապակյա աշտարակներից յուրաքանչյուրի արտաքին պատերին փորագրված են թվեր, որոնց հանրագումարը կրկին հիշեցնում է 6 մլն զոհերի մասին: Յուրաքանչյուր աշտարակի ստորին հատվածից երկաթե վանդակաճաղերի միջով գոլորշի է բարձրանում, որն առանձնակի խորհրդավորություն է հաղորդում հուշարձանին: Այսպիսով, 6 ապակե խցիկ, 6 մլն զոհ: Հեղինակը Հոլոքոստը վերապրած Ստեֆան Ռոսն է, ում հեղինակած հուշարձանը Բոստոն քաղաքում իր տեղն է գտել 1955թ-ին:
4. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող
Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում 2015թ.-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողը: Հուշարձանը կառուցված է բետոնից և տուֆից, ունի 9 կոր սյուն՝ Ծիծեռնակաբերդի սյուների նմանությամբ: Դրանք խորհրդանշում են պատմական Հայաստանի 6 նահանգները, ինչպես նաև Կիլիկիան, հայկական սփյուռքն ու Հայաստանը:
5. Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կոթող
2015 թ.-ի ապրիլին՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, ամերիկյան Փասադենա քաղաքում տեղադրվել է այս ինքնատիպ կոթողը: Մետաղական հուշակոթողն ունի 5մ բարձրություն: Այն նմանեցված է թուրքերի կողմից հայերի համար պատրաստված կախաղաններին: Եռոտանու գագաթից, յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ, ավազան է թափվում 1 կաթիլ ջուր: Արդյունքում հուշակոթողի ավազան է թափվում տարեկան 1.5 մլն կաթիլ ջուր:
6. Հոլոքոստի 6 մլն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Ամերիկյան Մայամի Բիչ քաղաքում՝ Մերիդիան պողոտայում, տեղակայված է Հոլոքոստի 6 մլն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: 130 մարդկային քանդակներից բաղկացած բրոնզաձույլ Ձեռքը կառուցվել է 1985թ-ին: Այն երկինք պարզած հսկայական ձեռք է՝ հարցական ժեստով, որն ամենաադեցիկներից մեկն է ողջ աշխարհում: Քանդակագործ-նկարիչ Քեննետ Թրեյստերի հեղինակած Հոլոքոստի հիշատակի հուշահամալիրի տեսնելու համար Մայամի է այցելում տարեկան շուրջ կես միլիոն զբոսաշրջիկ:
7. Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ՝ 2014 թ.-ի ապրիլի 24-ին տեղադրվել է հուշահամալիր, որը բաղկացած է 16 տուֆե խաչքարերից: Այն կառուցվել է հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքի վրա: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետը՝ Սերգեյ Դանիելյանն է, իսկ նախաձեռնող-բարերարը՝ Քրիստիան Գելիջին:
8. Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Կոշիկներ, որոնք կործանված կյանքեր են հիշեցնում, ստիպում են կանգ առնել, գիտակցել կատարվածի ողջ ողբերգությունը, փշաքաղվել հուզմունքից ու ցասումից: 60 զույգ կիսամաշ բրոնզաձույլ կոշիկները հիշեցնում են գետը նետված Հոլոքոստի զոհերի մասին: Դրանք տեղադրված են Բուդապեշտի խորհրդարանի շենքի դիմաց՝ Դանուբի ափին: Քանդակային կոմպոզիցիան ավարտին է հասցվել 2005թ-ին, որոնք ներառվել են ամենազգացմունքային հուշաքանդակների շարքում:
Մեծ Եղեռնի լուռ վկաները. աշխարհի ամենատարբեր անկյուններում վեր հառնող հուշարձանները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում