Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Banksnews.am-ը ներկայացնում է Մեծ Եղեռնից հետո աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված հայտնի հուշարձաններից մի քանիսը։
1.Հայ նահատակաց հուշարձան
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում տեղադրված հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 1968 թ. ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և իրենից ներկայացնում է իրար միացված 23 մետր բարձրությամբ ութ կամարից բաղկացած շինություն: Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է: Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում: Այն կառուցելու համար աշխարհի հայությունը հանգանակությամբ հավաքել է 125 հազար դոլար:
2.Հայոց ցեղասպանության հուշարձան
Հուշարձանը գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Տեղադրվել է 1976 թվականին և կառուցվել է ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների միջոցներով։ Քանդակագործը կերտել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոս Փոքր Մհերի բրոնզե կերպարը գրանիտե պատվանդանով։ Քանդակի հեղինակը հայազգի աշխարհահռչակ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանն է:
3. «Հույս» (l’Espoir)
2013 թվականի հոկտեմբերի 20-ին Մոնրեալ քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: «Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը:
4. «Անմոռուկ» հուշարձան
Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Համայնքների պուրակում 2017 թվականի ապրիլի 25-ին հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
5. «Հիշատակի Լապտերներ հուշահամալիր
2018 թվականի ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը: Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն էր Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում