Ցեղասպանության արհավիրքից մինչև բանկոմատի գյուտ․ ո՞վ է Լութեր Ջորջ Սիմջյանը

2 Min Read

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն թղթախաղ խաղացողներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին: Բանկում ասացին, որ այդ մարդկանց թիվը բավականաչափ չէ, որպեսզի դրանք շահութաբեր լինեն»,- իր գյուտի մասին ասել է Սիմջյանը:

Ծնվել է 1905 թվականին Այնթապում։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ավարտելով Եյլի համալսարանը՝ նա սկսել է գյուտարարի իր գործունեությունը։

Նրա առաջին գյուտերից են ավտոմատ ֆոկուսով լուսանկարչական սարքն ու գունավոր ռենտգեն-ապարատը։ Նա մշակել է նաև ռազմական ոլորտում կիրառվող գործիքներ ու ապրանքատեսակներ, տնային պայմաններում գոլֆ պարապելու հարմարանքն ու հեծանիվ-մարզասարքը։ Սիմջյանը ստեղծել է նաև բանկոգրաֆը, որը կարող էր օրվա ցանկացած ժամի ստուգել բանկային հաշվեկշիռն ու կանխիկ դրամ ընդունել։

1939 թվականին Սիմջյանի մոտ միտք է ծագում ստեղծել պատի մեջ տեղադրվող ավտոմատ սարք, որը թույլ կտար բանկի հաճախորդներին ֆինանսական գործարքներ իրականացնել առանց գանձապահի միջամտության: Այս սարքը հետագայում ստանում է Bankomatic անունը: Սիմջյանը նախնական պայմանագիր է կնքում City Bank of New York-ի (ներկայումս՝ Citibank) հետ՝ իր սարքի սկզբնօրինակը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու վերաբերյալ: Սակայն այն տարիներին չկար բանկոմատների ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվում է: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել էր ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

 

Սիմջյանը հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի  ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը: Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից:

Սիմջյանը երբեք չէր դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիներին գյուտարարն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լաուդերդալում կառուցում է փոքր կրթական և գիտահետազոտական լաբորատորիա և շարունակում է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1997 թ. հոկտեմբերի 23-ը:

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով