Իրան-Հայաստան գազատարն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով 2016 թվականին ստեղծված «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն կլուծարվի: Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին ՝ կառավարության նիստում ։
Ըստ հիմնավորման` մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։
Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ի հայտ են եկել խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք նոր պայմաններում կարողանում են արդյունավետ գործունեություն ծավալել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն այլևս չի իրականացնում ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթ, ինչպես նաև ազատ մրցակցության տրամաբանությունից չի բխում, որ պետական 100% բաժնեմաս ունեցող ընկերությունը մրցակցի մասնավոր ընկերությունների հետ, առաջացել է ընկերության լուծարման անհրաժեշտություն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս որոշումը բազմաթիվ մտահոգություններ է առաջացնում։
«Տնտեսական առումով, էներգետիկայի զարգացման առումով եթե այլընտրանք չգտնեն, իսկ ես այլ այլընտրանք ուղղակի չեմ պատկերացնում, բավականին ծանր հարված է հասցնելու ընդհանուր տնտեսությանը։ Մեր արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, անցյալ տարի աճել էր մոտ 1,5 %-ով, ինչը, կարծում եմ, նկարչություն է, որովհետև տնտեսական աճի մեջ էական ազդեցություն է ունեցել ոսկերչությունը, իսկ մի տարվա մեջ այդ հսկայական, ահռելի աճն ուղղակի իրատեսական չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանից բերում են, կոդը փոխում, արտահանում են Արաբական Էմիրություններ։ Դրա հետ մեկտեղ եթե էներգետիկայի բնագավառում սվոփը դադարեցվի, բավականին ծանր հարված ենք ունենալու»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա քաղաքական առումով էլ ավելի խնդրահարույց է։
«Հայաստանը, ակնհայտ է, որ իր արտաքին քաղաքական վեկտորը փորձում է փոխել։ Դրա հետևանքով մենք ունենք ՌԴ-ի հետ բավականին վատացած հարաբերություններ, բայց դա ամբողջը չէ։ Եվրամիության դիտորդների առկայության հիմքի վրա ձևավորվում է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան, միգուցե նաև Թուրքիա, հակահայկական կոալիցիա։ Տարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, բարի աչքով չեն կարող նայել, որ արտատարածաշրջանային ուժեր մուտք են գործում տարածաշրջան։ Առնվազն այս երեք երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, կարող են, ցավոք սրտի, այս պատճառով միավորվել, և մենք լուրջ խնդիրներ կարող է ունենանք։ Հյուսիս-հարավ էներգետիկ տրանզիտը էլ ավելի կամրապնդվի, սրան էլ եթե գումարենք նաև միջին միջանցքը, ապա մենք շատ լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Սա կարող է բերել նրան, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան շահերի համընկնումն էլ ավելի մեծանա»։
Արդյո՞ք Հայաստանը սրանով փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների տրամաբանության մեջ։ Ըստ Խաչատրյանի՝ վեկտորի փոփոխությունը նաև դա է ենթադրում։
«Չմոռանանք, որ արևմտյան որոշ երկրների հակաիրանականությունը քաղաքականություն է, մանավանդ այսօր, երբ սրվել են հարաբերությունները Իրանի և Իսրայելի միջև»։
Հարցին՝ վտանգ կա՞, որ կարող ենք Իրանի էներգետիկ շուկան կորցնել, Խաչատրյանն արձագանքեց․ այո, կա այդ վտանգը, ու վտանգ կա, որ կարող ենք երկիրը կորցնել։
Էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանն էլ, անդրադառնալով Հայաստանի ու Իրանի էներգետիկ համագործակցությանը, նշում է․ Հայաստանն ու Իրանը «դատապարտված են» էներգետիկ համագործակցության։
«Այդ համագործակցությունը պետք է խորացնել, բազմազանեցնել և փորձել հասնել ավելի լուրջ ցուցանիշների, քան մինչ այսօր ունենք։ Մասնավորապես՝ պետք է նախատեսվածին հասցնել էլեկտրականություն՝ գազի փոխարեն ծրագիրը, ձեռնամուխ լինել Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը, անպայմանորեն թողարկել Իրան-Հայաստան» բարձրավոլտ գծի շինարարությունը։ Անելիքները շատ են այս ուղղությամբ»։
Փորձագետը, այնուամենայնիվ, Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացման ուղղությամբ վճռական քայլեր չի տեսնում։ Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը չի վնասի Իրանի հետ հարաբերություններին՝ հաշվի առնելով հակաիրանյան պատժամիջոցները, Մարջանյանն արձագանքեց․
«Չի վնասի, եթե դրանք արվեն խելամտության սահմաններում` ճկուն կերպով հասկացնելով բոլոր կողմերին Հայաստանի կենսական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը»։
Ըստ Մարջանյանի՝ եթե Հայաստանը որոշի հրաժարվել Իրանի էներգետիկ շուկայից, լրջորեն կվտանգվիւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում