ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարևոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում և կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացմանըգ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
«Թեև հայեցակարգը հաստատվել է, այդուհանդերձ բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի Կառավարությունն իրավասու է իրականացնելու բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նշված լիազորող նորմը՝ ՀՀ կառավարությանը վերապահելով բյուջետային ծրագրի գնահատման լիազորություններ, ինչպես նաև կտրվեն որոշ տերմինների սահմանումներ, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման համար:
Ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նաև գնահատման գործառույթի վերաբերյալ:
«Սա վերահսկողական գործառույթ չէ, գնահատման գործառույթը վերլուծական աշխատանք է լինելու, և ըստ էության, այս բարեփոխումները զուգորդվում են մեկ այլ բարեփոխման հետ: Ինչպես գիտենք, Ֆինանսների նախարարությունը Պետական վերահսկողության ծառայությանն է փոխանցում իր ներկայիս ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթները: Այսինքն, մենք փորձում ենք առավել օպտիմալ ձևով կառավարել գործընթացը»,- ասել է Վահան Սիրունյանը:
Ըստ նրա՝ գնահատման մեթոդաբանությունն իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա: Մեթոդաբանությունը հիմնականում հանդիսանում է վերլուծական աշխատանքների գործընթաց, որին ներգրավված են միջազգային և տեղացի փորձագետներ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում