Սարքավորումների թարմացման կարիք է լինելու․ԿԸՀ նախագահը կարևորեց տնտեսվարողների մասնակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ապրիլի 22-ին ներկայացրել է հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության հաղորդումը։

ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության մասին թերևս պետք է դատել 2023-ի գործունեությամբ։

2022 թվականին համապետական ընտրություններ չեն եղել, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 19 համայնքներում։ 2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում անցկացվել են Վեդի համայնքի ավագանու ընտրություններ։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքներում անցկացվել են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այս ընտրություններից և որևէ մեկով արդյունքների բողոքարկում չի եղել։

ԿԸՀ նախագահը հիշեցրել է նաև, որ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության ժամկետը լրանում էր 2022-ի դեկտեմբերին, ԿԸՀ-ն կազմավորել է նոր հանձնաժողովներ, որոնք էլ իրենց լիազորությունները ստանձնել են դեկտեմբերի 17-ին։

2023-ի փետրվարից սկսվել են ԸԸՀ անդամների վերապատրաստման դասընթացները։ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ՏԻՄ հերթական 3 և արտահերթ 2 ընտրություն։

Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ։

Սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու հերթական ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցած որևէ ուժից չի ստացել։

Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։

Հանձնաժողովը 2023-ին շարունակել է դեռևս 2022-ի տարեվերջից մեկնարկած ԿԸՀ զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք նախատեսում է ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով