Համաշխարհային պաշտպանական ծախսերը 2023-ին հասել են պատմական առավելագույնի․ որ երկիրն է «ռեկորդակիրը»

1 Min Read

Համաշխարհային պաշտպանական ծախսերը հասել են պատմական առավելագույնի. այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

«Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին աճել են մինչև 2,443 միլիարդ դոլարի ռեկորդային մակարդակի»,- ասվում է ինստիտուտի զեկույցում: Սա SIPRI-ի գրանցած ամենաբարձր մակարդակն է։

Անցյալ տարի պաշտպանության վրա ամենաշատ ծախսած երկրների տասնյակում են՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան և Ճապոնիան։

SIPRI-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի ծախսերը կազմել են 916 մլրդ, իսկ Չինաստանինը՝ 296 մլրդ։ Այս երկու երկրներին բաժին է ընկնում համաշխարհային պաշտպանական ծախսերի մոտ կեսը: Հստակեցվում է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ծախսերն ավելացրել է 2,3%-ով, իսկ Չինաստանը՝ 6%-ով։

Ռուսաստանի պաշտպանական ծախսերը, ըստ ինստիտուտի, 2022 թվականի համեմատ աճել են 24%-ով և կազմել 109 մլրդ դոլար։ Ռազմական ծախսերի ծավալով Ուկրաինան ութերորդն է՝ 64,8 միլիարդ դոլարով:

Նախկինում SIPRI-ն զեկույց էր հրապարակել 2019-ից 2023 թվականների ընթացքում զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին։ Նշվել է, որ ռուսական զենքի արտահանումը 2014-2018 թվականների համեմատ նվազել է 53 տոկոսով։ Ռուսաստանը սպառազինության խոշորագույն արտահանողների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ֆրանսիան։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով