ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել բանկային հաշիվներին․ օրենքն ուժի մեջ է մտել

3 Min Read

Բանկային հաշիվների, մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկություններն այսուհետ հայտնի կլինի ՊԵԿ-ին։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը:

Այս մասին Banksnews.am-ին տեղեկացրին ՊԵԿ-ից։ Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 7-ից։

Հիշեցնենք, որ սրանով Հայաստանի բոլոր քաղաքացիների բանկային տվյալները հասանելի են դառնում հարկայինին: Մասնավորապես՝ ՊԵԿ-ին հասանելի կլինի՝ որքա՞ն գումար է եղել քաղաքացու հաշվին տարվա սկզբին ու ավարտին ու որքան գումար է մուտքագրվել ու ելքագրվել մեկ տարվա ընթացքում։ Հարկայինը կարող է նաև ավելի մանրամասն տվյալներ պահանջել, ու եթե քաղաքացին առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում բանկային քաղվածքը չփոխանցի ՊԵԿ-ին, հարկայինը կարող է դիմել դատարան։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ընդգծել է, որ հարկային մարմինը պարտավոր է պահպանել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը և օգտագործել բացառապես եկամուտների հայտարարագրման համակարգի վարչարարության իրականացման համար:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ՊԵԿ-ը ներառել էր Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում նշված նկատառումները, որում, մասնավորապես, ասվում էր․

«Հարկային ռիսկի տեսանկյունից տվյալների ամենանշանակալի աղբյուրը բանկերն ու ֆինանսական հաշիվների վերաբերյալ այլ տեղեկություններն են, իսկ հարկային նպատակով բանկային գաղտնիքի բարձր մակարդակի պահպանումը հակասում է միջազգային նորմերին, խրախուսում է հարկերի վճարումից չարամտորեն խուսափելուն եւ խաթարում է կամավոր հարկային կարգապահությունը: Նման մոտեցումը չի համապատասխանում նաեւ ՀՀ միջնաժամկետ հանձնառությանը՝ ոչ ռեզիդենտների բանկային տեղեկություններն ավտոմատ փոխանակելու եւ արտասահմանում ՀՀ ռեզիդենտների ունեցած հաշիվների վերաբերյալ փոխադարձ հաշվետվություններ ստանալուն: Առանց ներքին հարկ վճարողների վերաբերյալ բանկային հաշվետվությունները նման ավտոմատ կերպով ներկայացման, ՀՀ ռեզիդենտի չհայտարարագրած միջոցներն ավելի քիչ հավանական է, որ կհայտնաբերվեն, եթե դրանք պահվեն հայկական բանկում՝ օֆշորային վայրի փոխարեն»:

ՀՀ բանկերը ողջունում են Հարկերի հավաքագրման գործիքակազմի կատարելագործումը, սակայն ոչ համատարած տեղեկատվության ստացման եղանակով:

Այս մասին Banksnews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել էր Բանկերի միությունը.

«Դեռևս 2022թ․-ից շրջանառվող նախագծի վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մշտապես տվել է բացասական կարծիք` հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու վերաբերյալ: Չնայած վերջնական ընդունված տարբերակը պարունակում է որոշակի մեղմացումներ շրջանառվող առաջնային տարբերակի համեմատ, առ այն, որ ընդունված փաթեթով տրամադրվելու է ոչ թե անձանց գործարքների վերաբերյալ տեղեկություններ, այլ հաշվի տարեկան շրջանառության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ, այնուամենայնիվ, գտնում ենք, որ դրա օգտակարությունը և արդյունավետությունը չափազանց խնդրահարույց է և լուրջ ռիսկեր է առաջացնելու Հարկային մարմին-քաղաքացի hարաբերություններում»:

 


Բանկերի միությունը ՊԵԿ-ին բանկային գաղտնիքին հասանելիություն տալը չափազանց խնդրահարույց է համարում


 

TAGGED:
Share This Article