Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով գումար է հատկացվել

1 Min Read

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում:

Հիմնավորման համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա բնակավայրերը։

Այսինքն՝ ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։ Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50.0 մլն դրամ։

Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5.7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով