ՀԱՊԿ-ի ուժերով իշխանությունը պահած Տոկաևի հայաստանյան այցը և հայ-ղազախական առևտրաշրջանառության ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Այս շաբաթ Հայաստանում ամենաքննարկվող իրադարձություններից մեկը Ղազախստանի նախագահի այցն էր Հայաստան։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկրների միջև տնտեսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասով։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի խոշորագույն պետություններից է։ Վերջինս նկատելիորեն զարգանում է՝ ապահովելով տնտեսության առաջընթացի կայուն տեմպեր։ Նկատենք նաև, որ Ղազախստանը, ընդհանուր առմամբ, որևէ հարևանի հետ խնդիր չունի։


Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին. Տոկաև


Ավելին՝ երկրում ներդրումներ անում են բոլորը՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Թուրքիա, ՉԺՀ և այլն։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ Ղազախստանը 2023թ. 4-րդ եռամսյակում ապահովել է 5,1% տնտեսական աճ։

Գնաճը 2024թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է 9,4%, իսկ 2023թ. 4-րդ եռամսյակում գործազրկության ցուցանիշը դիտվել է 4,7% մակարդակում։ Այս խոշոր և դինամիկ զարգացում ապահովող երկրի միակ «թերությունը» այն է, որ Ղազախստանը թյուրքական պետությունների ընտանիքի անդամ է։ Չափազանց լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սակայն, Հայաստանը պետք է պահպանի դեռևս նախկին նախագահների օրոք առկա բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը և փորձի ի շահ Հայաստանի օգտագործել հայ-ղազախական կապերը։

Այս առումով մտահոգիչ են երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալները, որոնք դեռևս շատ փոքր են․

2024թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Ղազախստան արտահանված ապրանքների ծավալների 42,4%-ով աճ է արձանագրվել՝ կազմելով  $7,5 մլն։ Այս ծավալները կազմում են ՀՀ արտահանման ծավալների ընդամենը 0,3%-ը։

Ներմուծման ծավալները, ըստ ապրանքի ծագման երկրի, 2024թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 75%-ով՝ կազմելով մոտ $3,5 մլն՝ ըստ ապրանքի ծագման երկրի ՀՀ ներմուծման ծավալների ընդամենը 0,1%-ը։

Ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, 2024թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 123%-ով՝ կազմելով մոտ $5 մլն՝ ըստ արտահանող  երկրի ՀՀ ներմուծման ծավալների ընդամենը 0,2%-ը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով