Հայաստանում ցանկանում են չեղարկել ընտրողներին փոստով ուղարկվող` ընտրությունների օրվա և նրանց ընտրական տեղամասի գտնվելու վայրի մասին ծանուցումները։
«ՀՀ ընտրական օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ: Փոստային ծանուցումներն ուղարկվում են, եթե տվյալ բնակավայրում կա մեկից ավելի տեղամաս:
Նախորդ ընտրությունների փորձից ելնելով` ՀՀ կառավարության համար ակնհայտ է դարձել, որ շատ ընտրողներ առանց այդ էլ գիտեն իրենց ընտրատեղամասերը, իսկ փոստային ծանուցումների մի մասը պարզապես չի հասնում հասցեատերերին:
Իրենց ընտրատեղամասերը չիմացող ընտրողների մի մասն էլ ուղղակի ինքնուրույն գտնում է իր ընտրատեղամասը ԿԸՀ կայքի միջոցով։
Այդ պատճառով միջոցների ոչ նպատակային ծախսը նվազեցնելու համար փոստային ծանուցումներ չեն ուղարկվի՝ սահմանափակվելով ԿԸՀ և ՆԳՆ կայքերում ընտրացուցակների հրապարակմամբ, որտեղ յուրաքանչյուր ընտրողի համար նշվելու է իր տեղամասի համարը: