Ես չգիտեի, որ պրակտիկան այդպիսին է, որ արձանագրվում է զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա, բայց հետո հնարավոր չի նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, թե այդ մարդու հետազոտության տվյալն է, թե ոչ:
Այս մասին կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Տիպային կիստա ունեն, բոլորի գործերի մեջ քսեռոքս են անում և դնում են: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, կներեք, բայց ո՞ւմ մտքով կանցնի լինել երկրի Կառավարության անդամ կամ վարչապետ ու իմանալ, որ ազգի, պետության էլիտար երկու մասնագիտությունների ներկայացուցիչների միջև տենց լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ այդ համակարգերից չեն եղել ահազանգերը, այլ տեղերից են ցույց տվել կարմիր դրոշակներ և ասել, որ այստեղ խնդիր կա ու պետք է կարգավորել:
«Գնացել, եկել, պտտվել ենք ու հասկացել՝ այստեղ խնդիր կա, բայց պետական համակարգի ամբողջ իմաստը դա է, որ առաջնային օղակների մարդիկ խնդիրների հետ առնչվելուց ասեն՝ հարգելի՛ Կառավարություն, պրոբլեմ կա: Այսպիսի խնդիրների մասին վերադասության կարգով պետք է հայտնել։ Որևէ համակարգում մի տեղ մեկը փռշտում է ու ամբողջ համացանցը դրա մասին է խոսում: Մեկը չի ասում՝ Կառավարությո՛ւն, բա չես նայո՞ւմ, բա ինչո՞ւ Առողջապահության օղակը չի զեկուցել մինչև նախարար, իսկ զորահավաքային օղակը պաշտպանության նախարարին, ինչո՞ւ: Պետության ճգնաժամն այստեղ է»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ չի հիշում մի դեպք, երբ առաջնային օղակներից նման զեկույցներ եկած լինեն, չի եղել նման բան:
«Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք: Մեր նախարարները պետք է հետևություններ անեն այս ամենից։ Ովքե՞ր են զբաղվել այն ամեն ինչով։ Ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն։ Ով զբաղվել է վերջին 5 տարում ու չի զեկուցել, որ այսպիսի խնդիր կա, ես խնդիր եմ դնում, որ մեկ օրվա չէ, բայց ամիսների ընթացքում ոչ մեկ էլ այդտեղ չաշխատի: Ումը կկարողանանք ապացուցել, ուրեմն կկարողանանք, ումն էլ ոչ՝ թող գնան իրենց հավեսով ապրեն»,- եզրափակել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում