Դպրոցների գնումներն ու հաշվապահությունը կպատվիրակվի մասնավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: 

Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Այս մասին կառավարության նիստին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

«Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք հիմնականում դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,- ասել է նախարարը:

Արձաքանգելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն:

«Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասել է Փաշինյանը:  

Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով