Ինչու՞ է Telegram-ի համահիմնադիրը հրաժարվել ԱՄՆ-ում բիզնես վարելու գաղափարից

1 Min Read

Telegram-ի օգտատերերի թիվը մեկ տարվա ընթացքում կարող է գերազանցել 1 միլիարդը։ Այս մասին ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովը․ փոխանցում է «Վեդոմոստի»-ն։

«Ինձ դուր է գալիս ղեկավարել ընկերությունը այնպես, ինչպես կա: Ով գիտի, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, բայց առայժմ, կարծում եմ, մենք հիանալի աշխատանք ենք կատարում Telegram-ում, որն այժմ ունի 900 միլիոն օգտատեր: Հավանական է, որ մեկ տարվա ընթացքում մենք կանցնենք ամսական միլիարդ ակտիվ օգտատերերի շեմը»,- ասաց նա։

Դուրովը Telegram-ի հանրաճանաչությունը բացատրել է հարթակի ֆունկցիոնալությամբ, արագությամբ և անվտանգությամբ։ Նրա խոսքով, երբ օգտատերերը հայտնաբերում են մեսենջերի բոլոր հնարավորությունները, նրանք չեն ցանկանում վերադառնալ և սկսում են Telegram-ը խորհուրդ տալ իրենց ընկերներին։ Դուրովը նաև կարծիք է հայտնել, որ այլ մեսենջերներ 5-6 տարի հետ են մնում Telegram-ից։

Կարլսոնին տված հարցազրույցում Telegram-ի համահիմնադիրը նաև ասել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ում բիզնես անելու գաղափարից՝ Սան Ֆրանցիսկոյում իր վրա հարձակումից հետո։ Դուրովը նկատել է, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ իր վրա հարձակվել են փողոցում։ Գործարարի ԱՄՆ-ում չմնալու երկրորդ պատճառն, ըստ նրա, ամերիկյան ազգային անվտանգության ծառայությունների չափազանց մեծ ուշադրությունն էր։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով