Մոլդովացիների միայն 1%-ը կկարողանա ամբողջությամբ վճարել էլեկտրաէներգիայի և ջեռուցման համար

1 Min Read

Մոլդովայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը չափանիշներ է մշակել չորս կատեգորիայի բնակիչների համար՝ էներգետիկ խոցելիության տեսանկյունից։ Այս մասին Vocea Basarabiei հեռուստաալիքի եթերում հայտնել է գերատեսչության ղեկավար Մարսել Սպատարը։ Փոխանցում է RT-ն։

«Հիմնական չափանիշը, որի հիման վրա ընտանիքները կբաժանվեն ըստ խոցելի խմբերի, դա էներգակիրների ծախսերի տեսակարար կշիռն է տնային տնտեսությունների բյուջեում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ամենախոցելիները կհամարվեն նրանք, ովքեր իրենց եկամուտների 2/3-ից ավելին ծախսում են ջեռուցման ու լույսի վրա։ Այդպիսի պայմաններում ապրող մարդիկ կազմում են Մոլդովայի բնակչության 60 %-ը, և նրանք կստանան առավելագույն փոխհատուցում։

«Բնակչության 15%-ը կստանա բարձր՝ առավելագույնին մոտ փոխհատուցում, և բնակչության միայն 1%-ը կարող է իրեն թույլ տալ վճարել գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական արժեքը»,- ասել է Սպատարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը հայտարարել էր, որ Մոլդովայում գազի մատակարարման սակագինը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնությունում վառելիքի գնման բոլոր ծախսերը։ Սակագինը հաշվարկվել է 1000 խմ-ի դիմաց 696 դոլար գնի հիման վրա, իսկ կապույտ վառելիքի գինը օգոստոսին կազմել է գրեթե 1459 դոլար 1000 խմ-ի դիմաց։

Կիսվեք այս հոդվածով