«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

2 Min Read

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը այսօր հիվանդանոցում կատարված քննչական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել և հաստատել, որ ապրիլի 16-ին ԲԿ-ում կատարվել են քննչական գործողություններ․ 

«Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը. «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:

Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից: Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է: Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ ՀՀ առողջապահության նախարարությունում և խուզարկություններ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Քննչական կոմիտեից տեղեկությունը հաստատել էին, սակայն չէին նշել, թե որ բուժհաստատությունում են իրականացվել խուզարկությունները։

Share This Article