Վերջերս քննարկման թեմա էր դարձել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն։
Օրենքի նախագծով առաջարկվում է նախկին 15-29 տարիքային շեմի փոխարեն երիտասարդ համարել 13-30 տարեկան քաղաքացիներին։ Ըստ Մարտիրոսյանի` հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սակայն հարկ է նշել, որ աշխարհում այս մասով ևս տարիքային հստակ սահմաններ նշված չեն։
ՄԱԿ-ը առաջարկում է երիտասարդ համարել 15-24 տարեկաններին, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժշկության տեսանկյունից երիտասարդ է համարում 25-44 տարեկաններին։
Այս երկու դիրքորոշումներն էլ իրենց հերթին չեն խանգարում առանձին երկրներին ունենալ սեփական շեմերը։ Օրինակ, Ճապոնիայում օրենսդրության մակարդակով ամրագրված է, որ երիտասարդ են 0-30, Էստոնիայում՝ 7-26, իսկ Իսլանդիայում՝ 6-25 տարեկանները։ Այստեղ, անշուշտ, դերակատարում են ունենում յուրաքանչյուր երկրի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները։
Երիտասարդության մասին օրենքով սահմանվում են նաև երիտասարդական աշխատանք և աշխատող հասկացությունները, որոնք անչափ կարևոր են աշխատանքի շուկայում կարգավորումներ իրականացնելու տեսանկյունից։ Նկատենք, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը տարածաշրջանային խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում։
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի դինամիկան 2005-2023թթ. կազմել է․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ին Հարավային Կովկասում երիտասարդության շրջանում ամենաբարձր գործազրկությունն արձանագրվել է Վրաստանում՝ 30,54%: Երկրորդ տեղում է հայտնվել է Հայաստանը 18,64% ցուցանիշով։ Ամենացածր մակարդակը դիտվել է Ադրբեջանում՝ 13,61%։ Նկատենք, որ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում դիտարկվող ժամանակահատվածում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը միջինում կազմել է համապատասխանաբար 18,89%, 34.26% և 18,89%։ Իսկ ամենաբարձր մակարդակները դիտվել են՝ Հայաստանում 2018թ-ին՝ 26,99%, Վրաստանում 2009թ-ին՝ 43,3%, և Ադրբեջանում 2005թ-ին՝ 15,28%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում