Tesla-ն կկրճատի աշխատուժի 10%-ը. Euronews

2 Min Read

Էլեկտրական մեքենաների հսկա Tesla-ն հայտարարել է, որ ամբողջ աշխարհում աշխատանքից ազատում է իր անձնակազմի 10%-ին,– գրում է Euronews-ը:

Ներկայումս Tesla-ում աշխատում է շուրջ 140 400 աշխատակից, ինչը նշանակում է մոտ 14 000 աշխատատեղերի կրճատում:

«Տարիների ընթացքում մենք բացել ենք բազմաթիվ գործարաններ: Նման տեմպի հետ մեկտեղ որոշ ոլորտներում դերերի և աշխատանքի գործառույթների կրկնօրինակում է տեղի ունեցել։ Քանի որ մեր ընկերությունը պատրաստվում է հաջորդ փուլին, չափազանց կարևոր է հաշվի առնել ընկերության գործունեության բոլոր ասպեկտները՝ ծախսերը նվազեցնելու և արտադրողականությունը բարձրացնելու համար»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը:

Հայտարարությունից հետո որոշ աշխատակիցներ արդեն հայտնել են, որ կորցրել են մուտքը ընկերության համակարգեր:

Ինչո՞ւ է Tesla-ն այդքան շատ աշխատակիցների ազատել

Tesla-ի կտրուկ քայլը բխում է վերջին զեկույցից: Ընկերությունը հայտնել է, որ չի կարողացել բավարար մատակարարումներ ապահովել, ինչպես նաև, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, գրանցել է վաճառքի անսպասելի անկում:

Դա հիմնականում պայմանավորված էր Չինաստանում վաճառքի կտրուկ անկմամբ, հատկապես այն բանից հետո, երբ 2023 թվականին չինական էլեկտրական մեքենաների արտադրողը մեքենաների վաճառքով գերազանցել էր Tesla-ին:

Tesla-ն կրճատել է արտադրությունը իր Շանհայի Gigafactory-ում, իսկ Տեխասի Gigafactory-ում կրճատել է արտադրական հերթափոխերը:

Ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ վաճառքների աճը հավանաբար կթուլանա մինչև նոր և հաջորդ սերնդի արտադրանքի թողարկումը:

Դիզայներները հույսեր էին կապում 25 000 դոլար արժողությամբ (23 480 եվրո) էլեկտրական մեքենայի հետ, սակայն ընկերությունը այժմ կարծես թե հրաժարվել է այդ գաղափարից:

Նշվում է, որ Իլոն Մասկի համբավը ևս կարող է հարվածել ընկերությանը, քանի որ շատ ներդրողներ հեռանում են, որոնք վրդովված են լրատվամիջոցներում նրա անվան շուրջ առաջացած հակասություններից:

Share This Article