Հայաստանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ ներգաղթյալներին ընդունելու համար. The Times

1 Min Read

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ:

Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերից տեղեկացել է բրիտանական The Times պարբերականը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ներգաղթյալներին։

Նշվում է, որ ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը:

Հաղորդվում է, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ:

Քննարկվել է նաև համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան:

Ըստ բրիտանական իշխանությունների, նրանք ավելի քիչ են հետաքրքրված այս համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան  հրաժարվել են թեմայի շուրջ քննարկումներից:

Եթե չկարողանա համաձայնության գալ վերը նշված չորս երկրի հետ, Բրիտանիան մտադիր է դիմել «պահուստային» երկրներին, որտեղ ներառված  է Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն։

Նշվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթացը կանգ է առել Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով:

Ակնկալվում է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:

TAGGED:
Share This Article