Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական ժամկետ սահմանված է 2025-2030 թթ.-ը։
Ծրագիրը կօժանդակի էկոնոմիկայի նախարարության ծրագրերի և իրականացման եղանակների վերակողմնորոշմանը, կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի խոցելիությանը կլիմայական ազդեցությունների նկատմամբ, կբարելավի ագրոպարենային արժեքային շղթաների և պարենային համակարգի կատարողականը, կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կօգնի Հայաստանին կատարել ԱՍԳ ստանձնած պարտավորությունները:
Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով ներդրումներ, կլիմայախելամիտ գյուղատնտեսություն, շուկայական կապեր, լոգիստիկա և արժեքային շղթայի զարգացում։