ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։
Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Արդյունքում 2 առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարրա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։
Մաքսանենգության այս դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ 2 միջազգային սուրհանդակային առաքանին «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես հանդիսանում է Հ․Ն-ն։
Նշված տեղեկություններն իրացնելիս՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` նույն ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային հերթական առաքանին: Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ` 105 գրամ քաշով։
Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 4 ծանրոցի իրական հասցեատերը հանդիսանում է ձերբակալված Հ․Ն-ն։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ:
Փաստերի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթի շրջանակում Հ.Ն.-ն ձերբակալվել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում