Աշխատավարձերի առաջանցիկ աճ ունենք գների նկատմամբ․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8.7 տոկոսով, ինչը բավական բարձր է, և այս վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ տնտեսության իրական աճը 29.5 տոկոս է և միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9.8 տոկոս, ինչը մեր առջև դրած թիրախից բարձր է:

Այս մասին խորհրդարանում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով անցած տարվա տնտեսական զարգացումներին և ցուցանիշներին:

«Անցած տարվա տվյալներով աճ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ ունենք թեթև անկում, սակայն վստահ եմ, որ այս ցուցանիշը պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով»,- նշել է Թունյանը:

Անդրադառնալով քննադատություններին՝ կապված գնաճի հետ, Թունյանը հիշեցրել է, որ անցյալ տարի, 12-ամսյա կտրվածքով, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0.6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14.6 տոկոսով: 

«Այսինքն՝ ունենք աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Ունենք նաև արտահանման առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, տուրիզմի էական աճ՝ մոտ 40 տոկոսով: Անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 2.3 միլիոն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարում աճել է 1.5 անգամ: 2023 թվականի տվյալներով՝ 1 ժամ աշխատաժամանակի արժեքը եղել է 9.6 դոլար, իսկ 2021-ին այդ ցուցանիշը 6.2 դոլար էր: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս, մեր ծրագրով նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսից»,- ընդգծել է Թունյանը: 

Ինչ վերաբերում է պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը, անցյալ տարեվերջին այն կազմել է 48 տոկոս, ինչը, ըստ նրա, եղել է մշտական քննադատության առիթ:

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով