ԼՂ-ից բռնահանված մեր հայրենակիցները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. փոխվարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

1 Min Read

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն խորհրդարանում ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված աջակցության ծրագրերը եւ հաշվետու տարում կատարված կապիտալ ծախսերը:

Փոխնախարարը նշել է, որ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ 13,400 անձ ունի գրանցված զբաղվածություն, եւս 750 անձ գրանցված է որպես անհատ ձեռներեց, իսկ 300 մարդ տարբեր կազմակերպություններում բաժնետիրական իրավունքներ ունի գրանցած, ինչը նշանակում է, որ բիզնեսում ներգրավվածություն ունեն:

Փոխվարչապետը ներկայացրել է բնակարանային աջակցության իրականացվելիք այն ծրագրերը, որոնց նպատակը տեղահանվածներին բնակարաններով կամ կեցության այլ վայրերով ապահովումն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մտահոգություն ունեն, թե ՀՀ քաղաքացիություն ստանալով` կարող են զրկվել աջակցության ծրագրերից, ինչպես նաեւ կարող են կորցնել իրենց հին իրավունքները` կապված ԼՂ-ում ունեցած իրենց սեփականության հետ:

«Նախ, ես կարող եմ ասել ՀՀ-ում աջակցության ծրագրերի առումով: Քաղաքացիություն ընդունելով, քաղաքացի դառնալով` որեւէ իրավունքից չեն զրկվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հիմնական ծրագիրը, որը շարունակում է ուժի մեջ մնալ` բնակարանային ապահովության ծրագիրն է, իսկ մենք ասում ենք, որ պետք է լինի քաղաքացի, որ կարողանա օգտվել այդ ծրագրից, ինչն ինքնին ասում է, որ չի կարող քաղաքացի դառնալը զրկել աջակցության իրավունքներից, այլ ծրագրերից` նույնպես»,- ընդգծել է փոխվարչապետը` հավելելով, որ այս տեսակետը հայտնել են միջազգային իրավունքի մասնագետները եւ փորձագետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով