ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարևորել է փոխհամագործակցության հետևողական զարգացումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրենը նշել է, որ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ և կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում