2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը 6-ամսյա EURIBOR է՝ լողացող + 0.8 տոկոս մարժայով, պարտավորության վճարը՝ տարեկան 0.15 տոկոս դրույքաչափ:
ԱԺ հերթական նիստում համաձայնագրի վավերացման հարցը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երեւանի մի քանի վարչական շրջաններ: Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Նախատեսվում են հետիոտնային գետնանցումներ՝ շարժունակության խանգարում ունեցող անձանց համար համընդհանուր հասանելիությամբ, ճանապարհային անվտանգության ենթակառուցվածքներ, հարակից ջրահեռացման համակարգեր, դիմակայության շեշտադրումով կանաչապատում, նաեւ՝ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում:
Միջանկյալ երկրորդ արդյունքի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաեւ Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի այլընտրանքային ճանապարհի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, որոնք կֆինանսավորվեն ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ՝ շուրջ 700,000 ԱՄՆ դոլարի չափով:
Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 10-ի նիստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում