Առաջարկվում է ՀՌՀ նախագահի և հանձնաժողովի անդամների վարձատրության գործակիցները բարձրացնել. նախագիծ

3 Min Read

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի հիմքում ընկած է նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սկզբունքների ապահովումը, այն է՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց միասնական և արդարացի վարձատրության քաղաքականության ապահովումը, ինչպես նաև պաշտոնյաների՝ ըստ իրենց պատասխանատվության և պարտականությունների հիմնական աշխատավարձի ապահովումը, և հիմնավոր, տարբերակված աշխատավարձերի տարբերակումը:

Այս մասին հայտարարել է հիմնական զեկուցող, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

«Այս իմաստով առաջարկվում է անկախ պետական մարմիններից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների գործակիցները բարձրացնել, քանի որ մինչ այս միայն այս հանձնաժողովի նախագահի և անդամի գործակիցներն էին, որ մնացել էին նախկին մակարդակին»,- պարզաբանել է Քալաշյանը:

Նրա խոսքով՝ այժմ առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի գործակիցը և անդամի գործակիցները հավասարեցնել ԿԸՀ-ի նախագահի և անդամների գործակիցներին, քանի որ նաև գործառնության իմաստով այս երկու անկախ պետական մարմինները ընտրությունների հետ կապված ունեն համանման գործառույթներ:

«Քանի որ բազային աշխատավարձը 83 հազար 200 դրամ է, հիմնական աշխատավարձը հաշվարկվում է գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով: Սա՝ որպեսզի հանրությունը իմանա ալգորիթմը: Եթե պահումները հանեմ, նախագահի աշխատավարձը մոտավորապես կլինի 858 հազար դրամ, իսկ անդամինը՝ մոտավորապես 615 հազար»,- հայտնել է Քալաշյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ անկախ պետական մարմիններն են Բարձրագույն դատական խորհուրդը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Հաշվեքննիչ պալատը: Անկախ պաշտոնատար անձ է նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Հարկ է նկատել, որ Օրենքի գործող կարգավորումներով անկախ պետական մարմնի ղեկավարի և անդամի հիմնական աշխատավարձի գործակիցները վերաբերելի են միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց, իսկ անկախ պետական մարմնի ղեկավարի տեղակալի համար սահմանված գործակիցը այլևս կիրառելի չէ:

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

Նախագծի ընդունմամբ կապահովվեն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները, և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներին:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ բազային աշխատավարձի գործող չափի պայմաններում ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան շուրջ 38.0 մլն դրամ, պետական բյուջեի եկամուտների էական փոփոխություն չի սպասվում:

Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը, ըստ էության, «շղթայական ռեակցիայի արդյունք է»:

«Ունենք մի անկախ մարմին, որի վարձատրության համակարգը շատ ավելի ցածր է, քան որևիցե այլ անկախ կամ ինքնավար մարմնի վարձատրությունը: Մենք շարունակելու ենք քննարկումներն այս հարցի վերաբերյալ, որովհետև միասնականությունը պետք է վերականգնվի, որը խախտվել է դեռևս 2014 թվականին: Դրա հետևանքով ունեցանք անջրպետ տարբեր մարմինների միջև, որը պետք է վերացվի, և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասել է Վարդանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Կիսվեք այս հոդվածով