Սպանդանոցում հայտնաբերված խախտումների դեպքում հնարավոր կլինի նաև կասեցնել տնտեսվարողի գործունեությունը. նախագիծ

2 Min Read

Եթե վերահսկողության արդյունքում սպանդանոցում հայտնաբերվեն խախտումներ, տնտեսվարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել, իսկ եթե 6 ամիս շարունակ գործունեություն չի իրականացվում, հնարավոր կլինի նաև դադարեցնել սպանդանոցի գործունեությունը:

Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաև առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը»,- ասել է նախարարի տեղակալը:

Նախատեսվում է նաև կենդանիների առողջության և մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանելու նպատակով պարտավորեցնել ոլորտի տնտեսվարողներին անասնաբուժական ծառայությանը ներկայացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին տեղեկատվություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատել է, որ սպանդանոցային տնտեսությունների ստեղծման պետական ծրագիրը թերի իրականացվեց, և դա ակներև է տեղերում: Մարզերում, գյուղերում մարդիկ խուսափում են միսը սպանդանոցի միջոցով հանել վաճառքի, վաճառողներն էլ խուսափում են սպանդանոցից վերցնել միսը, ծառայությունների մատուցման մի շարք խնդիրներ կան:

«Ձեր բերած նախագիծը, իհարկե, անհրաժեշտ է, բայց պետք է լրիվ այլ փոփոխությունների ենթարկել, թե չէ, այս ոլորտը չի կարգավորվելու»,- ասել է պատգամավորը:

Այս համատեքստում նախարարի տեղակալը տեղեկացրեց՝ այս պահին քննարկվում է սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է հաշվարկել ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմ ԱԱՀ-ի դաշտում գործող սպանդանոցային ծառայություն մատուցողների համար, որոնք ֆերմերային տնտեսություններից գնում են կենդանիների մորթից ստացված մսեղիքը:

Կիսվեք այս հոդվածով