Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:
Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի թե՛ ծավալային, թե՛ ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների քանակի առումով։
Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը լիազոր պետական մարմիններին մի շարք առաջարկներ է ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես առաջարկվել է վերանայել ոլորտում պետական մասնակցության ներգրավվածության հարցը՝ մրցակցային հավասար պայմանների ապահովման նպատակով, և հարկ է նշել, որ ՆԳՆ-ն արդեն իսկ աշխատանքներ է իրականացնում համապատասխան փոփոխությունների նախատեսման ուղղությամբ։
Բացի դրանից՝ առաջարկվել է դիտարկել պահնորդական գործունեությունը, որը ներկայումս լիցեզավորվում է, ծանուցման ենթակա գործունեություն համարելու հնարավորությունը, միաժամանակ առաջարկներ են ներկայացվել պահնորդների վերապատրաստումների և պարտադիր ստուգումների պարզեցման ուղղությամբ: Հանձնաժողովն առաջարկել է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել կյանքի ապահովագրության պահանջի առնչությամբ՝ հաշվի առնելով, որ այդ ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում չի մատուցվում և այլն:
Միջոցառման ընթացքում հանձնաժողովի պատասխանատուները ներկայացրել են ուսումնասիրության մանրամասները, ինչպես նաև պատասխանել տնտեսվարողներին հետաքրքրող մի շարք հարցերի: