Կառուցապատողը ուշացնո՞ւմ է ձեր բնակարանի հանձնումը․ ի՞նչ անել և նախապես ինչին ուշադիր լինել պայմանագիր կնքելիս

11 Min Read

Դուք գնել եք բնակարան կառուցապատողից, և վերջինս, օրինակ, պայմանագրով պարտավորվել է հանձնել բնակարանը 2024 թվականի մարտի 1-ին, սակայն ժամկետը լրանալուն պես բնակարանը չի հանձնվում շահագործման։

Ի՞նչ տարբերակներ ունի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու համար։ Տարբերակներից առաջինը դատարան դիմելն է. դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով`անգամ առաջին նիստը կարող է նշանակվել, օրինակ, 6-7 ամիս կամ 1 տարի անց, իսկ դատական ձգձգված պրոցեսը երբեմն այդքան էլ ցանկալի տարբերակ չէ քաղաքացու համար։ Իսկ ի՞նչ անի անձը նման իրավիճակում։ Այլընտրանքային տարբերակը արբիտրաժն է։

Ի՞նչ է արբիտրաժը

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային եղանակ է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ դատական համակարգից դուրս վեճերը լուծելու համար: Ի տարբերություն դատական ընթացակարգերի՝ արբիտրաժում կողմերն իրենք են որոշում`ում միջոցով և ինչպես լուծել իրենց վեճը:

«Արբիտրաժի միջոցով վեճերի լուծումն ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից է գործի քննությունը սեղմ ժամկետում, ոլորտի մասնագիտացում ունեցող արբիտրի ներգրավումը, ինչպես նաև ամբողջ գործընթացի ճկունությունը։ Այսպես, AMCA-ում վեճի քննությունը կարող է տևել մինչև 3 ամիս, եթե այն արագացված ընթացակարգով է քննվում։ Կողմերը որպես արբիտր կարող են ընտրել այն անձին, ով ունի նեղ մասնագիտական գիտելիքներ վեճի առարկայի, օրինակ կառուցապատման, վերաբերյալ։ Եթե կողմերը համաձայնության չգան արբիտրի ընտրության հարցում, այդ դեպքում Կենտրոնը, հաշվի առնելով կողմերի պահանջները, կնշանակի համապատասխան որակավորումներ ունեցող արբիտրի։  Գործի քննության ժամանակ կողմերը կարող են ներկայացնել այնպիսի տեղեկություններ և տվյալներ, որոնք ոչ մասնագետին դժվար կլինի հասկանալ անգամ, իսկ երբ արբիտրը լինում է ոլորտի մասնագետ, ապա ավելի արագ և ճիշտ է կարողանում կողմնորոշվել։ Արդյունքում` քաղաքացին ստանում է իր վեճի լուծումը հնարավորինս սեղմ ժամկետներում և նեղ մասնագետի կողմից»։ 

Banksnews.am-ի հետ զրույցում նշեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը։

Ովքե՞ր կարող են դիմել արբիտրաժ և ի՞նչ նախապայմաններ կան։ 

Արբիտրաժ կարող են դիմել բոլորը՝ թե իրավաբանական, թե ֆիզիկական անձինք։ Անհրաժեշտ է երկու կողմերի գրավոր համաձայնությունը։ Այդպիսի համաձայնություն կարող է լինել ինչպես երկու կողմերի միջև կնքված պայմանագրում վերապահման տեսքով, այնպես էլ հետագայում առանձին կազմված արբիտրաժային համաձայնության տեսքով, երբ, օրինակ, արդեն իսկ ծագել է վեճը և կողմերը համաձայնության են գալիս, որ տվյալ վեճը լուծվի արբիտրաժային կարգով։ Բացառելով վարչական և քրեական ոլորտները, Կենտրոնը քննում է քաղաքացիաիրավական գրեթե բոլոր բնագավառներին առնչվող վեճերը։ Կարող են լինել աշխատանքային, առևտրային, ներդրումային, ֆինանսաբանկային, ամուսնաընտանեկան, կառուցապատման, մտավոր սեփականության և այլ ոլորտների վեճեր։ 

Դատարանի որոշումների կատարումը պետությունը երաշխավորում է Դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով։ Քաղաքացին ինչպե՞ս կարող է վստահ լինել, որ արբիտրաժային վճիռները ևս ի կատար կածվեն։ 

Արբիտրաժային վճիռը վերջնական է, չկան, ըստ էության, այն բողոքարկելու համար այլ ատյաններ։ Այն կարող է դատարանի կողմից չեղյալ ճանաչվել միայն այնպիսի իրավիճակներում, երբ խախտված են պրոցեդուրալ իրավունքները։ Օրինակ՝ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին և այլն։ Մնացած իրավիճակներում պարտադիր է կատարման համար Նյու Յորքի կոնվենցիան վավերացրած ավելի քան 170 երկրներում։ Վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում 5 մլն դրամը չգերազանցող հայցապահանջով կայացված արբիտրաժային վճիռները, եթե դրանք ինքնակամ չեն կատարվում, կողմի դիմումի հիման վրա արբիտրաժային հաստատության կողմից ուղարկվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման համար։ 5 մլն դրամը գերազանցող հայցապահանջով վճիռների պարագայում կողմը, որի օգտին կայացվել է վճիռը, պետք է դիմի դատարան վճռի կատարման համար կատարողական թերթն ստանալու համար։  

Կարո՞ղ ենք ասել, որ արբիտրաժը մասնավոր, վճարովի «դատարան» է՝ ավելի լայն հնարավորություններով։ 

Հետաքրքիր ձևակերպում էր։ Այո, մասնավոր է։ Այն ֆինանսավորվում է հենց 2 կողմերի միջոցներով ու բացարձակապես անկախ է։ Ես այստեղ չէի հակադրի դատարանն ու արբիտրաժը, ես կընդգծեի դրանց տարբերությունները։ Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ որ ճանապարհն ընտրել, ըստ առավելությունների։ Իզուր չէ, որ ասում ենք՝ արտադատական վեճերի լուծման մեխանիզմ։ Այն որևէ կապ չունի դատարանի հետ։ Ամբողջ աշխարհում դատարաններն աջակցում են արբիտրաժներին՝ աջակցման վարույթների միջոցով, երբ անհրաժեշտություն է լինում այնպիսի միջանկյալ որևէ որոշում ունենալ, ինչպիսին է օրինակ գույքի վրա կալանք դնելը, ապացույց ստանալը, ինչպես նաև արբիտրաժային վճիռների ճանաչման և հաստատման գործընթացում։ Դատարաններն ու արբիտրաժը 2 եղբայրներ են, ովքեր պետք է մեծանան միասին և փոխադարձ աջակցությունն է, որ կարող է բերել իրավական պետության զարգացմանը։ Պարզապես արբիտրաժի դեպքում ժամկետները, ճկունությունը, գործիքակազմը, բյուրոկրատիայի բացակայությունը, հեռավար նիստեր իրականացնելու հնարավորությունը առավելություններ են։

AMCA-ն, օրինակ, ունի հնարավորություն հաշտարարություն և արբիտրաժ իրականացնելու հեռավար կարգով, երբ կողմերից մեկը գտնվում է արտերկրում։ Դատարանում նման գործընթաց կազմակերպելը շատ ավելի բարդ է, երբեմն անհնարին է դառնում։ Մեզ մոտ արբիտրաժը և հաշտարարությունը հնարավոր է ինչպե՛ս դեմ առ դեմ, այնպե՛ս էլ հեռավար կարգով։ Մարդը կարող է ընդհանրապես չայցելել Կենտրոն։ Մենք ունենք նաև բազմաթիվ արբիտրներ արտերկրում, ովքեր կարող է՝ երբևէ չայցելեն Հայաստան և նիստերն իրականացնեն հեռավար կարգով։ Մեր բանակցությունների և լսումների սենյակներում տեխնիկա և գործիքակազմ ունենք ներդրված, որոնք ապահովում են հեռավար ամբողջական նիստի կազմակերպումը։ 

Իսկ վճարները որքանո՞վ են հասանելի Հայաստանի քաղաքացիներին։ 

Իրականում մեր վճարները ողջամիտ են և, բնականաբար, դրանք հաշվարկվում են ըստ հայցագնի։ Կան ֆիքսված նախնական գումարներ, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, հնարավոր են որոշակի վերանայումներ, և մեր հրապարակված գնացուցակը ուղենիշային է։

Իսկ ո՞րն է արբիտրաժի ու հաշտարարության տարբերությունը։ 

Արբիտրաժն ավելի շատ դատական պրոցես է հիշեցնում։ Նկարագրությունը լիարժեքորեն ցույց տալու համար կարող ենք համեմատել դատական պրոցեսի հետ, իսկ հաշտարարությունը բանակցային գործընթաց է։ Այն ապահովում է 2 կողմերի միջև խոսելու հարթակ, և իրենց վեճը միասին, անկողմնակալ, գործի ելքով չշահագրգռված որևէ բանակցողի միջոցով լուծում ստանալուն է ուղղված։


Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), կարևորելով մեր երկրում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումը, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն ու Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ կիրառող երկրի համբավի ձևավորումը, նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար:

AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, կիրառության ոլորտները, ինչպես նաև մանրամասնեց Կենտրոնի ծավալած գործունեությունն ու մատուցած ծառայությունները:

«Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը և նշեց, որ

հենց այս նպատակով էլ ստեղծվել է AMCA-ն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը կայանում է, երբ առկա է պետական աջակցություն ու պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը:

«Դատարաններում քննվող գործերի շուրջ 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,- հավելեց Տաթևիկ Մատինյանը:

Բացի այդ՝ անկախ արբիտրաժային կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը երկրում մեծացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: Վեճերի քննության անկախ, արդյունավետ և արագ մեխանիզմի առկայությունը բարձրացնում է երկրի միջազգային ներդրումային վարկանիշը: Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջությամբ գաղտնի գործընթացներ են: Հենց այս առումով էլ դրանք գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում հանրայնացնել
իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ:

Տաթևիկ Մատինյանի խոսքով՝ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա:

«Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից՝ ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ ունենք հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,ասաց Տաթևիկ Մատինյանը՝ ավելացնելով, որ լրագրողներն առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու կարող են իրազեկել հանրությանը թե արբիտրաժի, թե հաշտարարության առավելությունների, ինչպես նաև վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին: Ու թեև չկա մի ոլորտ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, այնուամենայնիվ, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:

Դասընթացի ժամանակ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Հաշտարարության և արբիտրաժային ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվեց AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչգործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցները կիրառեցին յուրացրած գիտելիքները դատախաղի միջոցով:

Անժելա Պողոսյան

TAGGED:
Share This Article