Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 Min Read

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար:

Այս մասին BanksNews-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- հայտնել են գրասենյակից:

Նշենք, որ Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնել Լեռնային Ղարաբաղ։ 2023 թվականի փետրվարին նա հրաժարական է տվել, բայց շարունակել է մնալ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Ըստ մեղադրանքների՝ նա ապօրինի հատել է ադրբեջանական սահմանը և ուղղվել դեպի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտի։

Նա կալանավորվել և ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Ղարաբաղում Բաքվի «հակաահաբեկչական գործողությունից» հետո, ինչի արդյունքում Արցախի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ։ 2024 թվականի հունվարին Վարդանյանի կալանքը երկարացվեց չորս ամսով։

 

Կիսվեք այս հոդվածով