ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
«Մեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը»,- նշել է Տերտերյանը։
Զեկուցողի խոսքով ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվող վարկը` 25 մլն եվրո, ԵՄ հարեւանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը` 10.1 մլն եվրո:
2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» 25 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխում. 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում` Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային պլանի 5-րդ` «Ներդրումներ Երեւանում. խելացի եւ կանաչ Երեւան» ուղենիշի ներքո: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի` 6 պոլիկլինիկաների եւ 32 մանկապարտեզների էներգիայի սպառումը:
Փոխնախարարի տեղեկացմամբ շենքերի ցանկը նախնական է:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընդհանուր ծրագրի բովանդակությունից, նշել, որ առաջին ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովվել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել` էներգախնայողությունը: Առաջին ծրագրի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին:
Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում