ԱՄՆ-ից Հայաստան դրամական միջոցների ներհոսքն աճել է. ԻնՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկման կասեցումը, անշուշտ, էլ ավելի է բարդացնելու Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունները։


«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ առևտրային  բանկերի միջոցով ՀՀ դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ծավալները 2024թ. փետրվարին․

ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ դրամական միջոցների ներհոսքը 2024թ. փետրվարի վերջի դրությամբ կազմել է մոտ $411 մլն, իսկ ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքը՝ մոտ $290 մլն։

Արձանագրենք, որ 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ դրամական միջոցների ներհոսքի ծավալներն աճել են 14%-ով, իսկ ՀՀ-ից դրամական հոսքերի արտահոսքի ծավալները կրճատվել՝ 12%-ով։

Մյուս կողմից, 2024թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դրամական հոսքերի ներհոսքի ծավալները կրճատվել են 43%-ով, իսկ արտահոսքի ծավալները՝ 24%-ով։

ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքի 68%-ը կամ մոտ $279 մլն-ը պատկանում է Ռուսաստանին, և 14% կամ $56մլն-ը` ԱՄՆ-ին։

ՀՀ-ից  դրամական միջոցների արտահոսքի ծավալները բաշխված են հետևյալ երկրների միջև` ԱՄՆ` 21% կամ մոտ $61 մլն, ԱՄԷ` 20% կամ մոտ $58 մլն և ՌԴ` 12% կամ մոտ $34 մլն։

Նկատենք, որ ՀՀ դրամական միջոցների ներհոսքը ՌԴ-ից 2024թ. փետրվարի վերջին նախորդ ամսվա համեմատ աճել է 19%-ով, իսկ ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքը կրճատվել է 15%-ով։ 2024թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ՌԴ-ից Հայաստան դրամական միջոցների ներհոսքը կրճատվել է 54%-ով, իսկ Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքի ծավալները՝ 6%-ով։

Ամբողջությամբ այլ պատկեր է ԱՄՆ-ի պարագայում։ Դրամական միջոցների ներհոսքը ԱՄՆ-ից Հայաստան 2024թ. փետրվարի վերջին նախորդ ամսվա համեմատ աճել է 24%-ով, իսկ Հայաստանից ԱՄՆ-ը արտահոսքը՝ 45%-ով։

2024թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ԱՄՆ-ից Հայաստան դրամական միջոցների ներհոսքն աճել է 27%-ով, իսկ Հայաստանից ԱՄՆ դրամական միջոցների արտահոսքի ծավալները՝ 139%-ով։

Կիսվեք այս հոդվածով