ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանն ապրիլի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2024 թ․ առաջին եռամսյակում հարկային մարմնի կողմից իրականացված վարչարարության արդյունքները։
Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում շուրջ 4,900 հարկ վճարողի մոտ իրականացրել է ՀԴՄ կիրառման կանոնների պահպանման ստուգում, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Արձանագրվել է շուրջ 1,900 խախտում՝ 31%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է շուրջ 690 մլն դրամ տուգանք, ինչը 41%-ով գերազանցում է 2023 թ․ առաջին եռամսյակի ցուցանիշը։ 2024 առաջին եռամսյակում իրականացվել է չգրանցված աշխատողների 498 ստուգում, որը 26%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Ստուգումների արդյունքում շուրջ 240 դեպքով արձանագրվել է խախտում՝ 33%-ով ավելի նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Ստուգումներով հայտնաբերվել է 483 չգրանցված աշխատող, որը 28%-ով ավելի է նախորդ տարվանից: Արդյունքում առաջադրվել է շուրջ 120,8 մլն դրամ տուգանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածը գերազանցելով 28%-ով:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով իրականացվել է շուրջ 2450 հսկիչ գնում, ինչը շուրջ 180%- ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը․ արդյունքում 660 դեպքով արձանագրվել է խախտում՝ 45%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Վերջիններիս արդյունքում առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 213 մլն դրամ՝ 42%-ով ավելի 2023 թ․ հունվար-մարտ ամիսների ցուցանիշից։
Արթուր Հակոբյանի խոսքով՝ 2024-ի առաջին եռամսյակում անկանխիկ գործառնությունների մասով բացահայտված խախտումների ավելի քան 80%-ն արձանագրվել է մարզերում։ Հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից իրականացված վարչարարության շրջանակում 93 հարկ վճարողի մոտ իրականացվել է չափագրման ուսումնասիրություն, ինչը 94%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Չափագրման ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է 788 մլն դրամ արժողությամբ ապրանքային մնացորդի պակասորդ և կիրառվել է 394 մլն դրամ տուգանք՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիկշը 380 մլն դրամով: Իսկ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 130 դեպքով արձանագրվել են խախտումներ, ինչը 94%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Արթուր Հակոբյանի խոսքով՝ բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։ 2024-ի առաջին եռամսյակում, սեզոնայնությունից ելնելով, հիմնական խախտումներն արձանագրվել են ծաղիկների, կոմսետիկայի և այլ ապրանքերի առևտրով զբաղվող տնտեսվարողների մոտ, ինչպես նաև շինարարության ոլորտում։
Թվային ցուցանիշները փաստում են, որ արձանագրվել է հարկ վճարողների վարքագծի էական փոփոխություն․
«2024 թվականի առաջինն եռամսյակում բացատրական աշխատանքների, ծանուցումների, այցելությունների շրջանակում մի խումբ հարկ վճարողների մոտ վարքագծի փոփոխությամբ էապես ավելացել է միջին օրական շրջանառությունը, գրանցված աշխատողների քանակը, ինչպես նաև տնտեսվարողները ինքնուրույնաբար ճշտել և ներկայացրել են ճշտված հավարկներ՝ ավելացնելով հարկային պարտավորությունները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն իսկ վարքագիծ փոխած հարկ վճարողները դառնալով ավելի կարգապահ՝ գրեթե երբեք չեն վերադառնում նախկին գործելաոճին»,- ընդգծել է բանախոսը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում