Անասնաբուծության ոլորտը շարունակում է անկումներ գրանցել։ 2022 թ.-ի առաջին կիսամյակում անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալները 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով՝ կազմելով 172 354.6 մլն դրամ։ Նկատենք, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում անասնաբուծության մասնաբաժինը կազմում է մոտ 59%-ը։
Անասնաբուծության մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ անասնաբուծական հիմնական ուղղությունների համախառն արտադրանքի ծավալներին․
Գծապատկեր 1․ Անասնաբուծության հիմնական արտադրանքի համախառն ծավալները 2022 թ.-ի առաջին կիսամյակում
Վիճակագրական տվյալների համաձայն՝ իրացվել է գյուղատնտեսական կենդանի և թռչուն սպանդի համար (կենդանի քաշով) 37,3 հազար տոննա ծավալով։ Վերջինս 2021 թ․-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 1,6%-ով։ Ամենախորը անկումը արձանագրվել է Շիրակի մարզում՝ մոտ 16%-ով։ Մյուս կողմից ամենամեծ աճը՝ մոտ 41%-ով, ապահովել է Արմավիրի մարզը։ 2022 թ․-ի առաջին կիսամյակում արտադրվել է 363,3 հազար տոննա կաթ։ Վերջինս 2021 թ․-ի նույն կիսամյակի համեմատ նվազել է մոտ 8 %-ով։ Կաթի արտադրության ծավալները 2022 թ․-ի առաջին կիսամյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ համատարած նվազել են։ Առավելագույն անկում՝ մոտ 15%-ով, դիտվել է Սյունիքում, իսկ նվազագույն անկում՝ 1,6%-ով, Տավուշում։ Իրավիճակը նաև բարդ է Շիրակում, որտեղ անկումը կազմել է մոտ 12%։ 2022 թ․-ի հունվար-հունիս ժամանակահատվածում արտադրվել է 434,4 մլն հատ ձու։ 2022 թ․-ի առաջին կիսամյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ձվի արտադրության ծավալները աճել են մոտ 5%-ով։ Առավելագույն աճեր՝ մոտ 68%-ով և 40%-ով, դիտվել են Երևանում և Շիրակի մարզում։ Ձվի արտադրության ծավալների զգալի անկում է արձանագրվել Գեղարքունիքի մարզում՝ մոտ 13%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում