Նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային կամ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազային արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը:
Որպես թիրախ կսահմանվեն առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի տարածական տվյալների, բարդ տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմարդյունաբերության ոլորտներում աշխատանքների բարելավումը և արդյունավետության բարձրացումը:
Ստանդարտների սահմանմամբ նախատեսվում է ապահովել վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը: Այս մասին որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ նախատեսված է 14.1 միլիոն դրամ հատկացնել, որի շրջանակում կմշակվի 39 ազգային ստանդարտ: Ծրագրի ընդունման արդյունքում միաժամանակ կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:
Պապոյանը պարզաբանել է որոշման նախագծի ընդունման կարևորությունը, այն է՝ եթե ապրանքների ստանդարտները համապատասխան չլինեն սահմանվածին, արտադրանքը չի կարող արտահանվել եվրոպական շուկա:
«Հիմա մենք ասում ենք՝ ջուր պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ ժողովուրդն այդ ջուրը խմում է, դա՝ ոչինչ,- ասաց նա և հավելեց.- մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Բայց չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով. որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Սա է ամբողջ խնդիրը: Ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք: Օրինակ՝ գնաճի վերաբերյալ մեր վերաբերմունքը ճշգրտենք»,- արձագանքել է Փաշինյանը:
Փաշինյանն այլ օրինակ ևս բերեց՝ նշելով, որ եթե, ենթադրենք, «մայթին» խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Բայց եթե խոզի միսը թանկանա, կավելանա անվտանգության բաղադրիչ, և տեղի կունենա այն ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր:
«Մեզ ասում են՝ Կառավարությո՛ւն, գնա՛, համաշխարհային շուկաները բացի՛ր հայկական արտադրանքների համար, ու սա շատ քննարկվում է: Սիրելի՛ գործընկերներ, աշխարհի շուկաներն իրականում բաց են մեզ համար… Առևտրային կազմակերպությունն իր կանոններով սահմանել է, այլ բան, թե մեր ապրանքների որ հատվածն է, որ ստանդարտին համապատասխանում է, և որ հատվածն է, որ այլ պարամետրերով, այդ թվում՝ ծավալային, մրցունակ է շուկայում: Իրականում այսօր փակ շուկա Հայաստանի ապրանքների համար շատ քիչ կա»,- ասել է վարչապետը:
Գևորգ Պապոյանը հավելել է՝ որոշման նախագծի տրամաբանության համաձայն՝ ավելի լավ է վճարել մի փոքր թանկ, բայց լավ որակով ապրանքի համար, որովհետև հետո ավելին քիչ կվճարես առողջապահության համար ու ավելի երկար ակտիվ կյանք կունենաս, ավելի ուշ կգնաս թոշակի:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը որոշման նախագիծը ներկայացրել է հարկ վճարողի «աչքով»՝ տեղեկացնելով, որ դժգոհությունների հիմքում ոչ թե այն է, որ հարկ վճարողը չի ուզում՝ իր ապրանքը համապատասխանի ստանդարտին, այլ վստահ չէ, որ գործընթացի արդյունքում ստանում է բովանդակություն, ոչ թե փաստաթուղթ: Նաև չգիտի՝ վստահե՞լ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաներին, թե՞ չվստահել:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն իր հերթին նշել է, որ փաթեթում ներառված է 12 ստանդարտ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում