«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։
Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման տեխհսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ ինժեներ Յուկկա Պեկկա Լեպիստոն ներկայացրեց ծրագրի առաջընթացը։ Ըստ այդմ նշվեց‚ որ մարտի վերջի դրությամբ շինարարի կողմից կատարվել է 750 հազար խմ ծավալով հանույթ‚ որը հանույթի ամբողջ ծավալի 58 տոկոսն է։ Կատարվել է 600 հազար խմ լիցք՝ լիցքի ընդհանուր ծավալի 68 տոկոսը։
35 երկաթբետոնե ջրատարներից 8-ի կառուցումն ամբողջությամբ ավարտվել է‚ 10-ի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացը 49.6 տոկոս է։
Թե տեխհսկողը‚ թե պատվիրատուն‚ թե կապալառու կազմակերպությունը նշեցին իրենց նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ եղավ ծրագրի իրականացման ժամկետներին‚ տեխնիկական մի շարք հարցերի։
Նման ձևաչափով հանդիպումներ Վինսենթ Լելուփի հետ տեղի են ունենում պարբերաբար։ Պարոն Լելուփը մշտադիտարկում է իրականացնում ճանապարհի կառուցման ընթացքում, ուղղորդում պայմանագրային տարընթերցումների հարցում‚ կատարում է պարբերական այցեր շինհրապարակներ, համագործակցելով պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ` ծրագրի իրականացման փուլում լուծում է տալիս վիճելի հարցերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում