Նախատեսվում է ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Որպես հիմնական օրակարգային հարց քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։

Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։

ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Share This Article